«Միհրան Հակոբյանին բժիշկները ցուցում տվեցին մնալ հիվանդանոցում՝ ստացիոնար, գոնե մեկ օր։ Հույս ունեմ՝ Միհրան Հակոբյանը կհետևի բժիշկների խորհրդին»,- «Իզմիրլյան» ԲԿ մոտ լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ասաց, որ հարձակման հետևանքով Միհրան Հակոբյանը ստացել է քթի կոտրվածք, վիրահատական միջամտություն է եղել, ինչպես նաև հարվածներ գլխին, հետևանքները դեռ այս պահին չգիտեն։
«Մենք ակնկալում ենք, որ տաք հետքերով կունենանք բացահայտում, որովհետև օրը ցերեկով է եղել դեպքը, որևէ պատճառ չկա, որ բացահայտում տեղի չունենա»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ ոստիկանությունն այստեղ է, դեռ քննիչները չեն ժամանակել։ Հանցագործության մասին հաղորդում են ընդունել, անհրաժեշտ հարցեր տվել, ստացել պատասխաններ։
«Դեռ գործ հարուցված չէ, բայց խնդրահարույց չէ դա։ Ոստիկանները, իսկապես, այն գործողություններն են անում, որոնք պետք է անեն ցանկացած այլ դեպքում, երբ մարդու վրա հարձակվում են»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք՝ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռ.Մելիքյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր. «Մարդը հրապարակային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում։ Միակ բանը, որ այստեղ հստակ է, Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի»։
Panorama.am
