Логотип

Ինչ որոշում է կայացրել դատավորը Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ մանրամասնում է փաստաբանը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմամբ բեկանել է ոչ թե ուղիղ տնային կալանքը, այլ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

«Դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից կայացված դատական ակտն անհասկանալի է։ Մենք իրավաբաններով լավ պատկերացումներ, ֆանտազիա ունենք, բայց իր ֆանտազիայից մենք չունենք, չեմ պատկերացնում` ինչ որոշում է այն, ինչ ինքը կայացրել է»,- նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց՝ ըստ իրավական նորմերի՝ կալանքի կամ տնային կալանքի դեպքում, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Վարդևանյանը շեշտեց, որ ըստ քննչական մարմնի` Սամվել Կարապետյանի դեպքում այդ օրը լրացել էր հունվարի 13-ին։ Քննիչն այդ օրը միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը դիտարկել է, վարույթ է հարուցվել, ու դատական նիստը նշանակվել էր 16։00-ին։

Ըստ դատավոր Սուրեն Խաչատրյանի կայացրած որոշման` եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։

Sputnik Արմենիա