Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամների նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ»,- գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն:
Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 2024 թվականի մայիսի 27-ին, սակայն կալանքը 20-րդ օրը վերացվեց. վերաքննիչ դատարանն այն ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, որը ևս վերադաս մարմնի կողմից վերացվեց։ Այնուհետև նախաքննական մարմինը միջնորդեց նոր խափանման միջոցի համար` վարչական հսկողություն։ 2025 թվականի հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ այս խափանման միջոցը ևս վերացվել է, սակայն չբացակայելու արգելքը պահպանվել է։Բացակայելու արգելքը վերացվեց օգոստոսի 4-ին։
Sputnik Արմենիա
