«Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն ունի առողջական շատ լուրջ խնդիր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նարեկ Սամոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Նարեկ Սամսոնյանի հետ, զրուցել է նաև «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների հետ։
«Սասմոնյանի վիճակն իսկապես լուրջ է։ Նա արդեն 8-րդ օրն է հացադուլի մեջ է»,- ասաց նա՝ նշելով, որ չի խոսել այն մասին, ինչի մասին հիմա պատրաստվում է խոսել տարբեր պատճառներով, այդ թվում հենց Նարեկն է դեմ եղել։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։
Ռ.Մելիքյանը նշեց, որ Նարեկ Սամսոնյանն ընտրել է քաղաքական պայքարի այդ ձևը, որը ենթադրում է թե վճռականություն, թե անձնազոհություն՝ ինքն իրեն տանջելու, վտանգի տակ դնելու ձևաչափը։
«Ահավոր անցանկալի բան է հացադուլը՝ նաև հաշվի առելով իր առողջական խնցիրը։ Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։
Այն հիվանդությունը, որի մասին խոսում ենք, իմ պատկերացմամբ, դեռ նախորդ կալանավորման ժամանակ է գլուխ բարձրացրել կամ ի հայտ եկել։ Հետո բուժում, դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»։
Panorama.am
