Հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները քաղաքական բնույթից դուրս են եկել և վերածվում են Հայաստանի ինքնության ու Սահմանադրության հանրաքվեի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները ոչ միայն հավակնում են դառնալ ամենաերկար պաշտոնավարած թիմը, այլև ընտրական գործընթացն օգտագործում են Ադրբեջանի նախագահի պահանջների օրակարգը կյանքի կոչելու համար։
«Գործող իշխանությունն արդեն ութ տարի է` պաշտոնավարում և հիմա, ըստ էության, ձգտում է ընդհանուր առմամբ 13 տարվա իշխանության։ Մենք խոսում ենք Հայաստանում ամենաերկար պաշտոնավարած ուժի մասին։ Հայաստանում 13 տարվա չափով կամ ավելի երկար ոչ ոք չի պաշտոնավարել, այսինքն՝ իրենք հավակնում են լինել ամենաերկար պաշտոնավարած թիմը»,– նշեց նա։
Պատգամավորն առանձնահատուկ անդրադարձավ Սահմանադրության թեմային՝ հիշեցնելով, որ հայտարարվել է՝ մարտին պատրաստ կլինի նոր Սահմանադրության նախագիծը։ Վարդանյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նախկինում ասում էր, որ մինչ ընտրություններ Սահմանադրության նախագիծը պատրաստ չի լինի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ պահանջել է Հայաստանից նոր Սահմանադրություն՝ մի շարք դրույթների փոփոխությամբ։
«Ադրբեջանի համար ՀՀ Սահմանադրության մեջ խնդիրը միայն Անկախության հռչակագրին հղումը չէ։ Այնտեղ խնդրահարույց է նաև Հայաստանի զինանշանի նկարագրությունը, ընդհանրապես համազգային նպատակների մասին ցանկացած ձևակերպում, այսինքն՝ ինքնության մասին ցանկացած դրսևորում»,– ընդգծեց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ հունիս 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերածվում են նախնական սահմանադրական հանրաքվեի։
«Հրապարակում են նախագիծը Ալիևի սրտով, ժողովրդին ասում են՝ եթե մեզ քվե տաք, սա կլինի հաջորդ փոփոխությունը։ Այսինքն՝ նրանք, ովքեր պատրաստվում են իշխող ուժին քվե տալ, պիտի իմանան, որ իրենք «այո» են ասելու Ալիևի Սահմանադրությանը»,– ասաց Վարդանյանը։
Պատգամավորը հավելեց, որ 2026 –ին կայանալիքն ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն են, երբ ընտրությունների օրակարգում սոցիալական ծրագրերը չեն քննարկվում։
«Հիմա խոսքը հայկական ինքնության պահպանման մասին է։ Սա խոշոր հաշվով ինքնության հանրաքվե է»,– շարունակեց Վարդանյանը։
Նա չհերքեց, որ ՀՀ–ն քաղաքական բավականին բարդ դրության մեջ է, բայց վստահեցրեց, որ փոփոխության հնարավորություն կա։
«Պատկերը մութ է, ես վարդագույն ակնոցով իրավիճակին նայելու կողմնակից չեմ։ Բայց կա ռեալ փոփոխության շանս։ Հայաստանում այսպիսի մթնոլորտ չի եղել, այսքան դերակատար ուժեր չեն եղել, որոնք ակտիվ աշխատում են տարբեր զանգվածների հետ։ Շանս չի նշանակում, որ անպայման լինելու է, բայց կա իրական հնարավորություն»,– ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքի արդյունավետությունից։
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Վարդանյանը հարց բարձրացրեց` նախ պետք է հասկանալ` ինչ խաղաղության մասին է խոսքը։
«Ամբողջ հարցը՝ ի՞նչ խաղաղություն, եթե գերեզմանային խաղաղության մասին է խոսքը… խաղաղություն ո՞ւմ համար։ Թուրքիայի համար խաղաղություն է, որ Արևմտյան Հայաստանում հայ չկա։ Ադրբեջանի համար խաղաղություն է, քանի որ Արցախում հայ չկա, Նախիջևանում չկա։ Գերեզմանում էլ, ի վերջո է, խաղաղ»,– նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընդդիմության համար իրական խնդիրը անվտանգությունն է, ոչ թե պատերազմի ձգտումը։
«Մենք ասում ենք՝ պետք է կարողանանք զարգացնել տնտեսությունը, մոդեռնիզացնել ու վերազինել բանակը, որ մեր վրա չհարձակվեն։ Դա է միակ տարբերակը։ Պատմությունը պատերազմ կանխարգելելու այլ միջոց չի տեսել»,– ընդգծեց Վարդանյանը։
Պատգամավորի համար դատապարտելի է մոտեցումը, թե խաղաղությունը հնարավոր է ապահովել Ադրբեջանի ղեկավարության կամքին լիովին ենթարկվելու միջոցով։
«Ամբողջը դնել Ալիևի կամքի վրա, նրան պուպուշ ասել, բոլոր ասածները անել, որ չհարձակվի՝ ռացիոնալ մոտեցո՞ւմ է, թե՞ ուժեղանալը, վերականգնվելը, որ նա իմանա՝ քո վրա հարձակվելուց գին է վճարելու։ Կարծում եմ` երկրորդ տարբերակն է ռացիոնալ մոտեցումը»,– ասաց նա։
Վարդանյանը հիշեցրեց վերջին տարիների ռազմական իրադարձությունները՝ 44-օրյա պատերազմը, Ջերմուկի և Սյունիքի դեպքերը, Արցախի հայաթափումը, և ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի` խաղաղության մասին խոստումները չեն կանխել հարձակումները և զոհերը։
«Հիշե՛ք, քանի անգամ է ձեզ ասել՝ ձեր երեխաները չեն զոհվելու։ Նոյեմբերի 9-ը ստորագրեց, ասաց՝ որպեսզի ձեր երեխաները չզոհվեն։ Չզոհվե՞ցին։ Ավելի վատ` մեր դիրքերում զոհվեցին, որովհետև ամբողջ առաջնագծում ադրբեջանցիներն առաջ եկան»,– ընդգծեց Վարդանյանը։
Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց, որ պայքարը պետք է լինի ոչ թե հերթական հարձակումները «խաղաղություն» անվանելու, այլ իրական անվտանգություն ապահովելու համար։
