Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը հարստացավ ևս մեկ աշխատությունով։ «Զ» հատորը, որի շնորհանդեսն օրերս կայացավ ՀՃՈՒՀ-ի երևանյան գրասենյակում, նվիրված է Պատմական Հայաստանի Փայատակարան նահանգի Ղարադաղ գավառի (այժմ գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան մասում) պատմությանը:
Այս ծավալուն գրքի աշխատանքը տարիներ առաջ սկսել էր անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանն, իսկ նրա մահից հետո շարունակել իր կինը՝ ՀՃՈՒՀ-ի տնօրեն Էմմա Աբրահամյանը: А3 ձևաչափի 500 էջանոց հատորում ներկայացված են Ղարադաղի ավելի քան 60 գյուղերի և բնակավայրերի պատմությունն, աշխարհագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, վարչական կառուցվածքը, հարուստ պատմամշակութային ժառանգությունն, անվանման ստուգաբանությունը, բարբառը, որով խոսում էին տեղի հայերը, և այլ կարևոր տեղեկություններ:

ԳՐՔԱՇԱՐԻ ՆԱԽՈՐԴ 5 ՀԱՏՈՐՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ԳԱՎԱՌՆԵՐԻՆ և սկսվում են Հայոց ձորից (Ա), որի անվանումը ծագում է հայ ժողովրդի նախնի, ռազմի գերագույն աստված Հայկ Նահապետի անունից: Հաջորդ «Բ-Ե» հատորները ներկայացնում են «Սալմաստ» (2017 թ.), «Արծկե» (2018թ ․), «Մռավականք» (2019 թ.), «Խնուս» (2022 թ.) գավառները: Նոր՝ «Զ» հատորը նվիրված է Ղարադաղի պատմական անցյալին, ցարդ պահպանված նյութական մշակույթի հուշարձաններին և հասցեագրված է Հայոց պատմությունով հետաքրքրվողներին: Հատորը լույս ընծայվեց Ժանեթ Միրզայանի (Մելիք-Ղասումյանի) մեկենասությամբ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Ղարադաղի Ղասումաշեն գյուղից սերած Հովհաննես Մելիք-Ղասումյանի և Հայկանուշ Ապարյանի: Հենց ինքը՝ Ժանեթ Միրզայանն էր տարիներ առաջ առաջարկել Սամվել Կարապետյանին առանձին գրքով անդրադառնալ Ղարադաղին:
Ինչպես տեղեկացրեց ՀՃՈՒՀ համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, գրքի հեղինակներն օգտագործել են բազմաթիվ նյութեր, այդ թվում Ղարադաղի տարածքում կատարված դաշտային ուսումնասիրություններից, որոնք իրականացվել են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, ՀՃՈՒՀ անդամ Շերլի Ավետյանի աջակցությամբ: Հատորի ստեղծման հովհանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Հ․Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը և ՀՃՈՒՀ-ԱՄՆ կազմակերպությունը: Գրքի կազմողն Էմմա Աբրահամյանն է, գիտական խմբագիրը՝ Րաֆֆի Քորթոշյանը։
«Գրքի ստեղծման պատմությունն, ինչպես և Ղարադաղի պատմությունը, շատ հետաքրքիր են: 1957 թ․ մի խումբ ղարադաղցիներ ցանկացան ուսումնասիրել ու հանրությանը ներկայացնել հայրենի երկրամասի պատմությունը: Նրանք փորձ արեցին հրատարակել գավառի մասին մի աշխատություն, սակայն նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց: Տարիներ անց, 2009 թ․, ղարադաղցի մանկավարժ, բանասեր, տարբեր թերթերում ծածկանունով հանդես եկած հեղինակ Հովհաննես Հովսեփյանի ձեռագրերի հիման վրա լույս է տեսնում «Ղարադաղի հայերը» երկհատորանոց աշխատությունը: Ձեռագրերը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին էին փոխանցել նրա ժառանգները, – պատմեց Էմմա Աբրահամյանը: – Սկզբնական ձեռագրերը Հովսեփյանը կորցնում է 1946 թ․ հայրենադարձության ժամանակ: Հայաստան գալուց հետո նա ամբողջ աշխատանքը սկսում է սկզբից, ցանկանալով Ղարադաղի մասին աշխատություն ստեղծել: Հովսեփյանն այցելում է տարբեր վայրեր՝ Հայաստանում և Ռուսաստանում, հանդիում է բազմաթիվ ղարադաղցիների հետ, կրկին հավաքում մանրամասն նյութեր իր հարազատ երկրամասի վերաբերյալ, ինչն էլ երկհատորի համար հիմք է ծառայում»:
2021 թ․ լույս է տեսնում այլ գիրք, որի նախաձեռնողն էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը: 2016-2020 թթ․ նա շրջել է Ղարադաղի տարածքով, հավաքել իր թեմին պատկանող բնակավայրերի մասին նյութեր, դրանց պատմության ու ժառանգության վերաբերյալ գրառումներ արել: Այդ՝ «Ուղևորություն Ատրպատականի հայոց թեմում․ Ղարադաղ» աշխատությունը սրբազանի ծավալուն գրքաշարի երրորդ գիրքն է: 2021 թ․ հրատարակվել է ևս մեկ աշխատություն՝ «Ղարադաղ-Սևասար․ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը, որի հեղինակն է ղարադաղցի Սերգեյ Ջհանգիրյանը:
ՀՃՈՒՀ-ի հրատարակած «Ղարադաղ» հատորը նպատակ ունի նպաստել Ղարադաղի հուշարձանների պահպանմանը: Այն որոշ առումերով տարբերվում է նախորդ աշխատություններից: Րաֆֆի Քորթոշյանի խոսքով, գրքում ներառված են հիմնադրամի արշավախմբի ճամփորդական նյութերն ու արձանագրությունները, որոնք ավելի շատ են, քան նախորդ հրատարակություններում։ Գրքի հեղինակներն օգտագործել են այն հարուստ նյութերը, որոնք Սամվել Կարապետյանը հավաքել էր 2011 թ․, երբ առաջին անգամ այցելեց և կարևոր հետազոտություններ կատարեց Ղարադաղում: Յոթ տարի անց նա կրկին վերադարձավ այս պատմական հայկական երկրամաս, այս անգամ գործընկերների հետ: Դա նրա վերջին արշավն էր, որի ժամանակ արված Կարապետյանի և ընկերների մի լուսանկար ևս տեղ է գտել «Զ» հատորում: Գիրքը նաև ներառում է տասնյակ լուսանկարներ, բազմաթիվ քարտեզներ, արխիվային և այլ, այդ թվում պարբերականների նյութեր: Դրանցից մի քանիսը հրատարակվում են առաջին անգամ: Գիրքը ներկայացնում է ոչ միայն հայկական, այլև մահմեդական մշակույթին վերաբերող հուշարձաններ, որոնք պահպանվել են Ղարադաղի տարածքում:

ՀԱՏՈՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ինչն ավելի արժեքավոր է դարձրել այն: Դա, առաջին հերթին, Ժանեթ Միրզայանի հորեղբոր՝ Ավետիս Ղասումյանի ձեռագիրն է, որը բացահայտում է Ղասումի մելիքությունը: Այն նաև պատմում է Ղասումյանների իշխանական տոհմի մասին, որն Արցախի Հաթերք գյուղից տեղափոխվել է Ղարադաղ 17 դարում, երբ հիմնվել է Ղասումաշեն գյուղը: Մյուս ձեռագիրը՝ «Ղարադաղ» խորագրով, հեղինակել է ղարադաղցի բանասեր Դանիել Եգանյանը: Ինչպես նշեց Էմմա Աբրահամյանը, նրա հայրը՝ Գալուստ Եգանյանը հայտնի մանկավարժ էր և հասարակական գործիչ, ով 1917 թ․ քահանա է ձեռնադրվել: Նա թողել է գրառումներ, որոնց մի մասը հրատարակվել է «Ալիք» թերթում: Որդու՝ Դանիել Եգանյանի հուշագրության մեջ կա հոր կողմից կազմված՝ 1905 թվ․ վիճակագրական աղյուսակ, որը բացակայում է «Ալիքում»: Մեկ այլ՝ ղարադաղցի Մուշեղ Աթայանի մանկության հուշերին վերաբերող հուշագրություն ՀՃՈՒՀ-ին է ուղարկել Ռոզմարի Հարությունյան-Քոհենը։ Այս ձեռագրում նկարագրած են նաև 1918 թ․ դեպքերը: Կարևոր նյութեր և լուսանկարներ տրամադրել է նաև գորիսաբնակ Շուշան Բաբախանյանն, ում հայրը Ղարադաղի Վինա գյուղից էր: Պահպանվել են նաև ՀՃՈՒՀ-ի հիմնադիր, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի շնորհիվ ձեռք բերված որոշ հուշագրություններ: Բոլոր ձեռագրերը պահվում են հիմնադրամում:
«Ղարադաղում հայրենադարձության առաջին ալիքը բարձրացավ 19-րդ դարի սկզբին։ Ռուս-պարսկական պատերազմից հետո հայերն ուղևորվեցին դեպի Արևելյան Հայաստան, որը մտել էր Ցարական կայսրության կազմ։ Ոմանք մնացին այստեղ, իսկ մյուսները, հույսերը չարդարացած, վերադարձան Իրան, բայց հաստատվեցին մեծ քաղաքներում, քանի որ Ղարադաղը մեկուսացված է զարգացած կենտրոններից և ապրուստն այնտեղ դժվար էր։ Երկրորդ հայրենադարձությունը տեղի ունեցավ 1946 թ․, երբ ղարադաղցիները եկան Խորհրդային Հայաստան։ Հայերի ընտանիքներ ապրում էին գավառում մինչև 1970-ականների սկիզբ։ Արմեն Հախնազարյանը Ղարադաղ այցելեց վերջնական հայաթափումից 2-3 տարի անց։ Նրա օրագրերը մեզ մոտ չեն, բայց կան իր գրառումները, լուսանկարները, հուշարձանների չափագրումները, որոնք օգտագործել ենք գիրքը կազմելիս, – ասաց Էմմա Աբրահամյանը։ – Ղարադաղը մեզ է տվել բազմաթիվ նշանավոր մարդկանց, որոնք աչքի են ընկել տարբեր ոլորտներում։ Հետաքրքիր է, որ տարածաշրջանի հեռավոր Սարդու գյուղում 19-րդ դարի վերջին Գալուստ Եգանյանի նախաձեռնությամբ բացվել է տպարան։ Հայկական դպրոցներ գործել են գրեթե յուրաքանչյուր գյուղում»։
«Հայոց պատմություն» գրքաշարի «Ղարադաղ» հատորը հետաքրքիր և արժեքավոր է թե՛ տեղեկատվական տեսակետից, թե՛ ներկայացված հուշարձանների առումով, որոնց թվում են եկեղեցիներ, տապանաքարեր, ամրոցներ, կամուրջներ, իջևանատներ, աղբյուրներ և նույնիսկ բրոնզե դարի դամբարան: Գրքում կան հուշարձաններ ոչ միայն հայաբնակ վայրերից, այլև այն գյուղերից, որոնք չեն համարվել հայկական, բայց ունեն հայկական մշակութային ժառանգության նմուշներ, ինչն, ըստ Րաֆֆի Քորթոշյանի, վկայում է այնտեղ հայերի պատմական ներկայության մասին:
«Իրանը, թերևս, մեր հարևաններից միակն է, որը պետական մակարդակով պահպանում է այլ ազգերի մշակութային հուշարձանները: Մի քանի տարի առաջ պատմական Ղարադաղում վերականգնվել է Թումանյանների ապարանքը: Այնուամենայնիվ, հուշարձանները վնասվում են տարբեր պատճառներով՝ գանձագողերի կամ ժամանակի հասցրած վնասից, իրական տերերի բացակայությունից, քանի որ չեն օգտագործվում ու ամեն օր չեն խնամվում, – բացատրեցին ՀՃՈՒՀ-ի ղեկավարները: – «Ղարադաղ» գրքի նպատակն է պահպանել այս պատմական հայկական տարածաշրջանի հարուստ ժառանգությունը սերունդների համար: Մենք ձգտում ենք նրան, որ նոր սերունդն իմանա իր ժողովրդի պատմությունն ու ճանաչի ժառանգությունը»:
Լուսանկարները ՀՃՈՒՀ-ի Ֆեյսբուքյան էջից
