Ուղիղ 20 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի մայրաքաղաքի դատարանը արդար վճիռ կայացրեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի նկատմամբ: Այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավարտվել է մոլի թուրքասեր և հայատյաց Վիկտոր Օրբանի դարաշրջանը. նա ընդունել է իր պարտությունը և հեռանում է վարչապետի պաշտոնից։ Հենց Օրբանը 2012 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնեց, իսկ փաստացի՝ վաճառեց մարդասպան Սաֆարովին։
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՎԵԼ ԷՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՏԱՐԻ, և ողջ այդ ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան չէր դադարեցնում կատարվածի էությունը խեղաթյուրելու և իր զոմբիին արդարացնելու փորձերը: Սակայն, չնայած ծախսած ահռելի գումարներին, կեղտոտ ստի հեղեղին ու Սաֆարովի համար վարձված լավագույն փաստաբաններին, Ալիևին չհաջողվեց Բաքու տանել իր հովանավորյալ ոճրագործին և ազդել դատարանի որոշման վրա։
Դատավոր Անդրաշ Վասկուտին ողջ դատավարությունն անցկացրեց մասնագիտական բարձր մակարդակով և առավելագույն խիստ դատավճիռ կայացրեց մոլագար մարդասպանի նկատմամբ, որը 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը կտրել էր քնած 26-ամյա հայ սպայի գլուխը: Դատավարության ընթացքում շատ լավ աշխատեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները և Հունգարիայի հայ համայնքը, որոնց համատեղ ջանքերով արդարությունը հաղթեց։ Դատավճիռը դարձավ Հայաստանի նորագույն պատմության մեջ միակ պատիժը հայասպանի նկատմամբ, ընդ որում՝ կայացված եվրոպական երկրի դատական համակարգի մակարդակով:
6 տարի անց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իշխանության եկավ 2010 թվականին, վերջապես կատարեց սպանության պատվիրատուի՝ Իլհամ Ալիևի բաղձալի երազանքը և Բաքվին հանձնեց հանցագործին։ Արդեն այն ժամանակ մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել գործարքի համար վճարված նավթադոլարների գումարի մասին. 9 միլիոն զուտ գումարից մինչև 3 միլիարդ դոլարի հունգարական պարտատոմսերի գնում Ադրբեջանի կողմից։
Այն բանից հետո, երբ Ալիևը տեղնուտեղը ներում շնորհեց Սաֆարովին և ազգային հերոսի կոչում տվեց մարդասպանին՝ բազմաթիվ պատիվներ մատուցելով, Հունգարիայի վարչապետը ամեն կերպ արդարանում էր միջազգային բարձրացած աղմուկի խորապատկերին, թե իբր՝ իրեն երդմնալից խոստացել էին, որ հանցագործը կշարունակի կրել պատիժը բանտում։ Բայց անցած գրեթե 14 տարիների ընթացքում Վիկտոր Օրբանը ոչ մի անգամ այդպես էլ զղջանք չի հայտնել Բաքվի հետ իր գործարքի համար և ներողություն չի խնդրել հայ ժողովրդից:
Ընդհակառակը, Սաֆարովի երկու կողմերին էլ ձեռնտու առքուվաճառքով (այլ կերպ չես անվանի) սկսվեցին Հունգարիայի վարչապետի մեծ բարեկամությունն ու դաշնակցային սերտ հարաբերությունները թուրքական երկու պետությունների հետ։ Այդ երկրում երբեմնի բավական ազդեցիկ հայկական համայնքն աստիճանաբար կորցրեց կշիռը, այդ թվում՝ Օրբանի արտաքին քաղաքականության բացահայտ թուրքամետ վեկտորի պատճառով։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ նաև մարդասպանի արտահանձնման իրավաչափության վերաբերյալ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջների և որոշումների փաստացի անտեսման առումով:
2012 թվականին հայ-հունգարական հարաբերությունների խզումը տևեց 10 տարի. դրանք վերականգնվեցին փաշինյանական կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ «Հեղափոխական» իշխանություններին հետ չպահեցին ո՛չ Հունգարիայի մերժումը՝ պաշտոնապես ներողություն խնդրելու հայ ժողովրդից, ո՛չ էլ Օրբանի կառավարության թուրքամետ քաղաքականությունը։
Հակառակը, կասկածից վեր է, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են դրդել Երևանում իրենց դրածոներին, որ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ որևէ զղջման բացակայության պայմաններում Հայաստանի համար նվաստացուցիչ համաձայնագիր կնքեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։
Ավելորդ է նշել, որ Նիկոլը պատրաստակամորեն գնաց այդ քայլին՝ բավական սերտ երկխոսություն հաստատելով Բուդապեշտի հետ և գերազանց լեզու գտնելով թուրքամոլ Օրբանի հետ։ Այս ընթացքում հունգարական կառավարությունը բազմիցս բացահայտ ապտակներ է հասցրել իր երևանյան «բարեկամներին», օրինակ՝ արգելափակել կամ պայմաններ է առաջադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու համար։
Բայց Փաշինյանին ու Միրզոյանին դա ամենևին չի հուզել. նրանք շարունակում էին հորթի հրճվանքով հարաբերություններ զարգացնել Հայաստանի հանդեպ բացահայտ թշնամական տրամադրված և դա նույնիսկ չթաքցնող երկրի իշխանությունների հետ։ Բնականաբար, դավաճանների թիմին բնավ չկասեցրեց նաև այն հանգամանքը, որ Հունգարիան բազմիցս հայտարարել է բռնազավթված Արցախում «վերականգնողական աշխատանքներին» մասնակցելու մտադրության մասին:
Ավելին, ինչպես հոկտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարեց հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանյանը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից մի քանի ամիս առաջ Բուդապեշտն արդեն պայմանագրեր է կնքել Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերականգնման աշխատանքներում» Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՕՐԵՐՍ՝ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ, ՀԱՅՏՆՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, որը հաստատում է Օրբանի ինքնամոռաց սերը ամեն տեսակի թուրքերի նկատմամբ և նրա թշնամական վերաբերմունքը հայերի հանդեպ. Հունգարիան 30 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի բռնազավթված Արցախի Ջրականի շրջանում վերականգնողական աշխատանքների համար։
Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանավարումն ավարտված է, և հավանաբար մեծ խորհրդանշականություն կա նրանում, որ դա ավարտվեց հենց այն օրը, երբ Բուդապեշտում կայացվեց Գուրգեն Մարգարյանին սպանողի դատավճիռը: Թե արտաքին քաղաքական ինչ ուղեգիծ կընտրի Հունգարիայի հաջորդ կառավարությունը՝ հանձն չենք առնի դատել, լոկ հույս կհայտնենք, որ ավելի խելամիտ ու հավասարակշռված մոտեցում կլինի։ Եվ դժվար է դիմանալ ու չնշել. եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ, ապա ներողություն կպահանջեր Հունգարիայի նոր իշխանություններից գրեթե 14 տարի առաջ կատարած հակահայկական քայլի համար։ Քաղաքականությունը սենտիմենտներ չի հանդուրժում, բայց դժվար է չհամաձայնել Արմեն Աշոտյանի հետ, որն ընտրությունների նախօրեին գրել էր հետևյալը. «Վիկտոր Օրբանը դեռևս 2012-ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անհարգանք և խաբեություն։ Եվ բնական է, որ Օրբանի հնարավոր պարտությունը որոշակի պատմական արդարություն ունի իր մեջ նաև Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետից»։
