Логотип

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԼԵՖ. ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏԸ` ԳԱԲԱԼԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները և հայկական հողը որպես «պատմական Ադրբեջան» ներկայացնելը շարունակում են ակտիվ շրջանառվել այդ պետության խոսույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառանալով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների` Գաբալա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ու դրա արդյունքներին։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը, և Գաբալայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Հայկական պատվիրակության անդամները նշում են, թե Ադրբեջանում հակահայկական նարատիվները պակասել են, Հայրապետյանը նրանց հիշեցնում է` հակահայկական խոսույթը ադրբեջանական դասագրքերի ու կրթական համակարգի անբաժան մասն են։

«Եթե հայկական պատվիրակության անդամները փորձում են Իլհամ Ալիևի խոսքերի մեջ «թշնամի» բառը մի քիչ նվազեցնել, ապա գուցե առաջ նա այդ բառը 15 անգամ էր ասում, հիմա՝ 10 անգամ։ Ի՞նչ ասեմ` էական ձեռքբերում է…»,– նշեց Հայրապետյանը։

Հայկական պատվիրակության անդամները նաև վստահեցնում են, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեզը բլեֆ է, ադրբեջանցիներին տեղափոխում են Ֆիզուլի` բնակության, բայց նրանք հետ են գնում Բաքու, արդյունքում Ղարաբաղի անգամ 10%–ը բնակեցված չէ ադրբեջանցիներով։

«Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստեղ ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական ադրբեջանական հող ներկայացնելն է, որը հստակ զավթողական հայեցակարգ է։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «մենք ֆաշիստներ ենք, նրանց քշել ենք այդ տարածքից», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»,– ընդգծեց ադրբեջանագետը։

Ըստ նրա` մեր պատվիրակության համար բլեֆը հենց այն է, որ այս ամենն ուղղակի չեն ուզում տեսնել, մինչդեռ ամեն ինչ հրապարակային աղբյուրներով բացահայտ ներկայացվում է։

Հայրապետյանն անիմաստ խոսակցություն է համարում նաև այն, որ Ադրբեջանում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների և անհետ կորածների թեմային` հայտարարելով, թե դա չի նպաստում խաղաղության գործընթացին։

«Ադրբեջանը հայ գերիներին ազատ կարձակի գերազանցապես միջազգային համապատասխան ճնշման դեպքում, երբ հասկանա, որ Բաքվում գերության մեջ այդ մարդկանց պահելն իր վրա շատ ավելի թանկ է նստում և կարող է որոշակի պատճառահետևանքային ազդեցություն ունենալ իր համար»,– նշեց նա։

Նշենք, որ հայ քաղհասարակության ներկայացուցիչները 2-րդ անգամ էին մեկնել Բաքու։

Sputnik Արմենիա