Հիմա Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճռին։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։
«Ադրբեջանի կողմից, իհարկե, դիմադրություն կա, և նրանք այդքան պատրաստակամորեն չեն կատարում միջազգային դատարանի որոշումները։ Սա պետական գործելակերպ է, որը վարվում է ամենաբարձր մակարդակում, սակայն հասկանալի է, որ դա առաջ է բերում բացասական հետևանքներ, օրինակ՝ պետության հեղինակության անկում և, ինչու ոչ, քաղաքական հարթակներում ճնշման գեներացում։ Այստեղ Ադրբեջանը բոլոր դեպքերում ռեսուրս է կորցնում և հասկանալի է, որ այդ ռեսուրսները անսպառ չեն, ուստի որքան էլ հիմա դիմադրում է և չի կատարում դատական ակտերը, սա չի կարող անվերջ, անորոշ պրոցես լինել»,–ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել վարքագծային կտրուկ փոփոխությունների։
Ըստ Սահակյանի` պետք է ըմբռնումով գնահատել ստեղծված իրավիճակը և հապճեպ հետևություններ չանել, որ միջազգային իրավունքը նշանակություն չունի։
«Իրավունքի դերը նսեմացնելը ադրբեջանական թեզ է, բայց մեր խնդիրն է ցույց տալ իրավունքի ուժը։ Մի փոքր պետք է երկարաժամկետ հեռանկարով մոտենանք այս հարցերին»,–ասաց նա։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
