Логотип

Ծառուկյան․ ՀՀ-ն պատրաստ է մարզական ոլորտում կամուրջ դառնալ ՌԴ-ի, Ասիայի և Եվրոպայի միջև

Հայաստանը պատրաստ է ՌԴ-ի և Եվրոպայի միջև կամուրջ դառնալ մարզական ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։ Մոսկվայում Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը Մոսկվա է այցելել Դեգտյարյովի հրավերով։

Նա ռուս գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Դեգտյարյովը Ծառուկյանին շնորհավորել է Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։

«Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը` հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների հետևանքով տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընդհանրապես։

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։

Sputnik Արմենիա