Логотип

Երկակի ստանդարտներ են կիրառվում. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների վերաբերյալ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցներին։ Անմիջական գործընթաց հնարավոր է, որ առկա չէ, բայց գործընկերների հետ արդեն իսկ արձանագրումներ ունենք։ Մենք կապի մեջ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, այն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, նախնական զեկույցում՝ անկողմնակալության հետ կապված, արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարվել է։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործընկերները ևս ասել են, որ օրենքի փոփոխությանն անդրադառնալու են վերջնական զեկույցում»,- նշեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ տեխնիկապես լրջագույն խնդիրներ է իշխող ուժն առաջադրել՝ խախտելով ներպետական օրենսդրությունը։ Ընդգծեց՝ Սամվել Կարապետյանը ՔՊ-ի համար լրջագույն վախի պատճառ է, ու դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանն իր հանրային հեղինակությամբ, բոլոր չափումներով անցել է Նիկոլ Փաշինյանին։

Մելոյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ օրենքը բնականոն չի կիրառվում, այլ երկակի ստանդարտներով, քաղաքական միջամտություններն էլ բոլորի համար ակնհայտ են։ Ըստ «Ուժեղ Հայաստանի» անդամի՝ նման միջամտությունները վերջնական արդյունքում կարող են հարցականի տակ դնել ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

Հիշեցնենք` ապրիլի 7–ին Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով արգելվում է անձնանունների կիրառումը կուսակցությունների, դաշինքների անվանումներում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այդ առիթով հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում հապճեպ փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ (մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով)։

Sputnik Արմենիա