ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։
«Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Sputnik Արմենիա
