Логотип

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նիկոլ Փաշինյանն ու խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, որքան Իլհամ Ալիևն ու ժողովրդավարությունը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, որ դատարանում այս պահին ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։

Այն հարցին, թե որքան կձգվեն նմանատիպ դատական գործընթացները, Շարմազանովը պատասխանել է, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, հավելելով, որ հասարակության «աչքերն աստիճանաբար բացվում են»։ ՀՀԿ անդամն ընդգծել է, որ 2021 թվականին Փաշինյանին հաջողվել է մոլորեցնել ընտրողներին՝ խոսելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, սակայն շատ չանցած նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Նա որևէ իրավունք չունի խոսելու խաղաղությունից։ Նա հնարավորություն է ունեցել պատերազմը կանգնեցնելու, բայց չի կանգնեցրել։ Նիկոլ Փաշինյանն ու խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, որքան Իլհամ Ալիևն ու ժողովրդավարությունը», – նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ իրական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է քվեարկել այն ընդդիմադիր ուժերի օգտին, որոնք խորհրդարան անցնելու իրական շանսեր ունեն։

Շարմազանովն ընդգծել է, որ Երրորդ հանրապետությունն Արցախյան շարժման ուղղակի հետևանքն է, իսկ Անկախության հռչակագիրն իր մեջ ներառում է Արցախի գաղափարը։ Ըստ այդմ՝ պետք է հավատարիմ մնալ Հռչակագրի սկզբունքներին, իսկ ընդդիմությունը պետք է մի կողմ դնի տարաձայնություններն ու միավորվի։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվելուն՝ Շարմազանովը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն և երրորդ նախագահը միշտ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նրա պնդմամբ՝ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հարաբերությունները պատկերացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրած պայմաններով, ինչի վառ ապացույցը, ըստ նրա, Էրդողանի գիրքը կրծքին սեղմած Փաշինյանի լուսանկարն է։

Շարմազանովը նաև նշել է, որ վերջերս ԱԺ նախագահը հայտարարել էր, թե Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Շարմազանովն ասել է, որ եթե Ադրբեջանի հետ բանակցություններում ամեն ինչ հարթ է, ապա ինչո՞ւ է նա խանգարում Հայաստան-Թուրքիա գործընթացին, հավելելով, որ դա ուղղակի բլեֆ է։ Գործիչը եզրափակել է, որ չպետք է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի երկիրը զերծ մնա թե՛ պատերազմից, թե՛ կապիտուլյացիայից։

News.am