Երևանում ծրագրվում է բացել Կոնֆուցիոսի համալսարան, որը մասնագիտանալու է չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական և տնտեսական կապերի զարգացման մեջ:
Մտադրության մասին համապատասխան հուշագիրը ստորագրեցին Հայաստանի մշակույթի համալսարանի ռեկտոր Տաթևիկ Կյուրեղյանը և Տյանցզինի առևտրի համալսարանի փոխնախագահ Գույ Ծյանը:
Ստորագրման արարողությանը ներկա էր Տյանցզինի առևտրի համալսարանի Միջազգային համագործակցության և փոխանակման բաժնի տնօրեն, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հուան Լեպինը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ համալսարանի բացումը առաջին քայլն է, իսկ հայ-չինական համագործակցության ներուժը զգալիորեն ավելի լայն է։
«Մեր երկրները փոխգործակցություն ծավալում են բազմաթիվ բնագավառներում։ Կրթական ոլորտում համագործակցությունը պետք է դուրս գա մեկ համալսարանի շրջանակներից և ներառի ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման նոր ծրագրեր», – հայտարարեց նա։
Լեպինի խոսքով, առկա ծրագրերի շրջանակներում Տյանցզինի համալսարանն արդեն իրականացնում է դասավանդման և փոխանակման նախագծեր, որոնք նախատեսում են մասնակի կամ ամբողջական կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար:
Նա ընդգծեց, որ միջպետական կապերի ամրապնդումը հիմնված է պաշտոնական պայմանավորվածությունների վրա. ՇՀԿ շրջանակներում հանդիպումների ընթացքում Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել:
Պրոֆեսորը կարծում է, որ ակադեմիական ծրագրերի և փոխանակումների ընդլայնումը կնպաստի ոչ միայն մշակութային երկխոսությանը, այլև երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը: