Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման X սոցիալական ցանցում մեկնաբանել է «Ալբանիայի և Ադրբեջանի միջև խաղաղության» մասին իր կատակի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը։
Նրա կարծիքով, մամուլը աղավաղել է արտահայտությունը, որն ասվել է «լավ տրամադրությամբ, բարեկամական ոգով»։
«Իսկապես զարմանալի է, թե ինչպես են գործում ժամանակակից լրատվամիջոցները և ինչպես կարող է այսպես կոչված «վիրուսայնությունը» այդքան հեշտությամբ խեղաթյուրել իրականությունը։ Լավ տրամադրությամբ, բարեկամական ոգով ասված մի արտահայտություն հանկարծ դառնում է տասնյակ երկրների մասնակցությամբ մի ամբողջ գագաթնաժողովի համաշխարհային վերնագիր, մինչդեռ մնացած ամեն ինչ, իրական բովանդակությունը, դառնում է անտեղի։ Բայց այո, այսօր շատ զվարճալի էր հանդիպել իմ հին ընկեր Իլհամ Ալիևին և մեր սիրելի ընկեր Էմանուել Մակրոնի ներկայությամբ անդրադառնալ նախագահ Թրամփի լեզվի սայթաքմանը՝ այն մասին, որ նույնիսկ Ալբանիան է կարողացել խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, մինչդեռ Էմանուելն ինքը երկար ժամանակ անխոնջ աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Թեթևամիտ դիտողություն, բարեկամական պահ։ Իհարկե, ոչինչ չկա, եթե դա տարածվի, բայց այն քաղաքական հետապնդման վերածելը պարզապես անարդար է։ Այսպիսով, եկեք պարզություն մտցնենք. ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը ցույց է տվել իրեն որպես առաջնորդ, ով երկար տարիներ անց «խաղաղություն» բառը վերադարձրել է Արևմուտքի բառապաշար։ Եվ այո՛, զարմանալիորեն կարճ ժամանակում նա խաղաղություն է հաստատել այնտեղ, որտեղ ուրիշները փորձել, բայց ձախողել են, և նա շարունակում է անդադար հասնել դրան։ Այս երկխոսությունը ոչ ավել, քան լավ տրամադրության մի պահ էր այն մարդկանց միջև, ովքեր իրականում նախագահ Թրամփի ամենամեծ երկրպագուներից են», – գրել է Ալբանիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կատակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լեզվի սայթաքման մասին, ով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին խոսելիս սխալմամբ հիշատակել էր Ալբանիան և Ադրբեջանը։
News.am