Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ԱԱԾ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ` դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Մասնավորապես, խոսքը գնում է Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումների մասին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին»–գրել է նա։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել ապա այժմ արդեն որևէ կասկած չունի:
«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,–գրել է նա։
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր:
«Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է նա։
Նրա խոսքով` անգամ «Լիդիանի» ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն իրեն ուղիղ տեքստով ասացին, թե իրենց կառավարությունից տեղյակ են պահել, որ նա պետք է գնա և Ամուլսար տանող ճանապարհները բացի, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
