Логотип

ԻՆՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ԿԱ ՋԱՅԼԱՄԻ, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԵՎ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ

Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որը մեր երկրում ղեկավարում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերը, հայտարարեց սերտ համագործակցության մասին ՅՈՒՆԵՍԿՕի՝ ՄԱԿի կառույցի հետ, որն աշխարհում զբաղվում է մշակույթի, գիտության և կրթության հարցերով։

Երեվանում անցկացվելիք «Կայուն զարգացման նպատակ 4 – Կրթություն 2030»-ի մշակման տեխնիկական համագործակցության խմբի հանդիպման առիթով Հարությունյանը հայտարարեց միջազգային գործընկերների հետ կրթության ոլորտի խնդիրները քննարկելու օգտակարության մասին, ինչը, իր համոզմամբ, «մեզ կօգնի նախանշված բարեփոխումների իրականացման գործում»։ Սուպերնախարարը նաև ընդգծեց, որ նախարարությունը սերտ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕի հետ, ինչի մասին վկայում է իր (Արայիկ ՀարությունյանիՄ.Գ.) մասնակցությունը մայիսին Պեկինում անցկացված «Արհեստական ինտելեկտը և կրթությունը» միջազգային համաժողովին։ Առաջին հերթին ընդգծենք բացառիկ չափորոշիչը, որ ընտրեց սուպերնախարարը միջազգային ազդեցիկ կազմակերպության հետ պետության համագործակցության մակարդակը բնորոշելու համար. իր անձնական մասնակցությունը համաժողովին։ Նման անհամեստությունը բոլորովին վայել չէ «ժողովրդական նախարարին», որի մոտ «սուպեր» նախածանցը, ըստ երևույթին, աներևակայելի աստիճանի գլխապտույտ է առաջացրել։ Այսուհետ, պետք է ենթադրել, այս կամ այն կառույցի հետ համագործակցության արդյունավետությունը անմիջական կախվածության մեջ կդրվի տարբեր երկրներում անցկացվող այն միջոցառումների քանակից, որոնց նա կբարեհաճի մասնակցել։ Տրամաբանական է նաև ենթադրել, որ մինչ Արայիկի ուղևորվելը Չինաստան՝ համաժողովի, Հայաստանը կա՛մ ընդհանրապես չի համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕի հետ, կա՛մ այդ համագործակցության «սերտությունը» անվայել ցածր է եղել։

Սակայն սուպերնախարարին համակած վեհության մոլուցքը տվյալ դեպքում բնավ ամենագլխավորը չէ։ Շատ ավելի կարևոր է, որ այդչափ հրճվալից խոսվում է մի կազմակերպության մասին, որը վերջին բոլոր տարիներին, սկսած 2006-2007 թվականներից, երբ Նախիջևանի գերեզմանոցում ոչնչացվեցին հայկական վերջին խաչքարերը՝ ՅՈՒՆԵՍԿՕի մեռյալ լռության պայմաններում, արդարացիորեն կոշտ քննադատության է ենթարկվում Հայաստանում։ Կազմակերպություն, որը վաղուց վերածվել է կոմերցիոն կառույցի՝ բառի վատթարագույն իմաստով, որում կոռուպցիայի մասշտաբները դարձել են համապատասխան կառույցների և ԶԼՄների հետաքննության ու մերկացումների առարկա, ներառյալ նախկին գլխավոր քարտուղար Բոկովայի մութ գործերը։ Կազմակերպություն՝ ոտքից գլուխ ծախված Ադրբեջանին, որը վերածել է ՅՈՒՆԵՍԿՕն մշակույթի ոլորտում սեփական անհագուրդ հավակնությունների իրականացման գործիքի, այդ թվում տարածաշրջանի մյուս ժողովուրների ժառանգությունը լկտիաբար յուրացնելու հաշվին։ Նախևառաջ՝ հայկական։

Բոլորովին վերջերս, այս տարվա հուլիսին Բաքվում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Տարբեր երկրների բազմաթիվ փորձագեատներ և մշակույթի գործիչներ տարակուսանք ու վրդովմունք հայտնեցին այն առիթով, որ կարծես թե հեղինակավոր կառույցն իր կարևոր միջոցառումն անցկացնում է մի երկրում, որը հայտնի է օտար պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ և յուրացմամբ։ Բայց հայկական սուպերնախարարությունն ու սուպերնախարարը, որի իրավասության մեջ են մտնում նաև մշակույթի հարցերը, բերանները ջուր էին առել։ Նույնիսկ չնայած այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանի ջանքերի «շնորհիվ» չկարողացավ մասնակցել նստաշրջանին և ինչոր կերպ չեզոքացնել ագրեսիվ հարևանների գործողությունները։ ՀՀ ԱԳՆը արձագանքեց դրան, իսկ սուպերնախարարությունն ու սուպերնախարարը լռում էին, թեև հասկանալի է, որ հենց ՅՈՒՆԵՍԿՕի անտարբերութունը, կամ էլ հակառակը՝ դրա ղեկավարութան շահախնդիր ակնկալիքները թույլ տվեցին Ադրբեջանին ակնհայտ խտրականություն դրսևորել հայկական կողմի նկատմամբ։ Սուպերնախարարությունն ու սուպերնախարարը մի բառ անգամ չասացին ՅՈՒՆԵՍԿՕի հասցեին նաև 2018 թվականի դեկտեմբերին, երբ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ մտցվեց Քոչարի պարը (յալլը)՝ որպես «Նախիջևանի ինքնավար հանրապետության (առանձնահատուկ ցինիզմՄ.Գ.) կոլեկտիվ ավանդական պարեր»։ Թեև դրա դեմ բողոքելու համար բավական էր պարզապես մատնանշել հենց նույն ՅՈՒՆԵՍԿՕի 2017 թվականի որոշումը, նույն ցուցակում Քոչարին որպես հայկական պար ընդգրկելու մասին։

Ի դեպ, սուպերնախարարի լռությունը չի սահմանափակվում միայն մշակույթի ոլորտով։ 2018թ. մայիսին Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալի» կազմում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը փաստացի արգելելու շուրջ բարձրացած միջազգային սկանդալի ժամանակ բազմաթիվ ձայներ էին հնչում երկրագնդի տարբեր ծայրերից։ Բայց այդ դատապարտող աղմուկի մեջ չէր լսվում բացի ամենից նաև սպորտի հարցերով զբաղվող հայկական սուպերնախարարության ոչ թե պարզապես ձայնը, այլ նույնիսկ ծվոցը։ Պետք է ենթադրել, որ Արայիկ Հարությունյանը նույնքան անտեղյակ էր կատարվածից, որքան Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕի կոմիտեի նստաշրջանի հետ կապված պատմության պարագայում։ Ըստ երևույթին, նա տեղյակ է միայն այն միջոցառումներից, որոնց մասնակցում է անձամբ։

ՅՈՒՆԵՍԿՕի հետ հարաբերություններ պահպանել և համագործակցել իհարկե պետք է, թեև վերջին զարգացումների խորապատկերին շատերը կոչ են անում հետևել ԱՄՆի ու Իսրայելի օրինակին և դադարեցնել անդամակցումն այդ կառույցին։ Սակայն համագործակցությունը բնավ չի ենթադրում հայոց պետությանը վերաբերող խնդիրների անտեսում և ամենևին չի նշանակում արձագանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ բացահայտ խտրականության և ազգային արժանապատվության ու շահերի ոտնահարման, ինչպեսև կազմակերպության կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի անթաքույց ոտնձգությունների փաստացի խրախուսման դեպքում։ Մինչդեռ հենց այդպիսի պահվածք են ցուցաբերում սուպերնախարարությունն ու սուպերնախարարը վերջին ամիսների ողջ ընթացքում։ Ընդ որում հպարտանալով «սերտ համագործակցությամբ», որը չափորշվում է ՅՈՒՆԵՍԿՕի միջոցառումներին Հարությունյանի անձնական մասնակցությամբ։

Պետության շահերի համար անընդունելի պահվածքը, որ դրսևորում է սուպերնախարարը, կարծում ենք, կարող է ունենալ երկու պատճառ։ Կա՛մ նա իսկապես անտեյակ է իրեն վստահված մշակույթի ոլորտի հետ կապված իրողություններից, կա՛մ դեր են խաղում զուտ կոմերցիոն շահերը. բուն ՅՈՒՆԵՍԿՕի գործունեության ներկայիս հայեցակարգին լիովին համապատասխան։ Պարզ ասած, հանուն այն փողերի, որ այդ կառույցը հատկացնում է Հայաստանին, մասնավորապես՝ սուպերնախարարությանը, ամեն տեսակի նախագծերի համար, Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ է աչք փակել ու լռել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է խոսել, ընդ որում՝ բարձրաձայն։ Մոռանալով բացի ամենայնից նաև այն մասին, որ մեր երկիրը անդամավճարի իր բաժինն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕին և լիակատար իրավունք ունի պահանջել սեփական շահերի պահպանում։

Դե, իսկ անձնական մասնակցությունը միջազգային տարբեր միջոցառումներին՝ որպես հաջող համագործակցության չափորոշիչ, պետք է հավելել առանձին, որպես հաճելի բոնուս, որը դժվար թե բխում է երկրի շահերից, եթե հաշվի առնենք Արայիկ Հարությունյանի սովորությունը՝ լռել նույնիսկ այնտեղ, որտեղ հույժ անհրաժեշտ է խոսել. բարձրաձայն և սեփական իրավացիության գիտակցումով։ Գլուխը չթաքցնելով ավազի մեջ, չնմանվելով ջայլամի և հենց ՅՈՒՆԵՍԿՕին, որը նավթադոլարներն ակնհայտորեն գերադասում է Համաշխարհային մշակութային ժառանգությունը ոչնչացնող ու նսեմացնող վանդալներից այն պաշտպանելուց։