Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները կառավարության դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել փոխգնդապետին ծեծողներին։
«Վայոց ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջինն իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդը՝ մեղավորությունը բարդի սպայի վրա», – լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետի ընկերներից մեկը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրանք պահանջում են այս հարցում արդար քննություն։
«Արա Մխիթարյանն էսօր կռիվ է տալիս իր կյանքի համար, նրա ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է, Աստված չանի, որ նա մահանա», – ասաց ընկերը։
Նրանք կոչ արեցին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի այս գործի քննությունը վերցնի անմիջապես իր հսկողության տակ։
«Որովհետև Վայոց ձորի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ տվյալ անձնավորություններին արանքից հանի», – ասաց Արա Մխիթարյանի ընկերը։
Փոխգնդապետի մյուս ընկերն էլ ասաց, թե մարզպետը սպառնում է բոլոր վկաներին։
«Մարզպետը ասում է՝ եթե ինչ-որ մեկն իր անունը տա, խիստ կպատժվի», – ասաց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:
Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ։
