«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»:
Այս մասին լրագորղների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որտեղ նա սթափվելու կոչ է արել, Միքայելյանն ասել է, որ բոլորս պետք է սթափվենք:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբամանն է նետել»` Միքայելյանը նշեց, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, և որ ինքն էլ է ուսադիր կրել:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա … Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։
Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը ասելով, որ ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
