Հայաստանն ազատ է արձակել վրացի զինվոր Վանո Սաբաշվիլիին, որի արտահանձնումը պահանջում էր Ռուսաստանը, հայտնում է դիվանագետ, Վրաստանի հայ համայնքային պլատֆորմի նախագահ Գեորգի Թումասյանը, տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը»։
Ըստ նրա ընկերների՝ Սաբաշվիլին չի իմացել, որ Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ է գտնվել։
Նա անարգել հատել է Վրաստանի սահմանը, իսկ սեպտեմբերի 9-ին ծառայողական գործուղման ընթացքում ձերբակալվել է հայկական կողմում։
«Սաբաշվիլին ութ տարի ծառայել է Վրաստանի զինված ուժերում։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի սկզբում նա կռվել է Միջազգային լեգեոնի շարքերում։ Պայմանագրի ավարտից հետո վերադարձել է հայրենիք։ Ավելի ուշ Դոնեցկի այսպես կոչված «դատարանը» նրան հեռակա կարգով դատապարտել է ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար»,- գրում է վրացական ԶԼՄ-ն։
Մի քանի օր առաջ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել էր, որ Հայաստանը մերժել է հայկական ծագումով վրացի մարտիկ Գեորգի Կինոյանի արտահանձնման հարցումը։
Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի տեղեկությունների՝ Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոյանը, որը պատերազմել է Ուկրաինայի կողմից, ձերբակալվել է սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի հետ Վրաստանի սահմանը հատելուց հետո։
29-ամյա Կինոյանը գտնվում էր ՌԴ-ի հետախուզման մեջ՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի դեմ մարտական գործողություններին մասնակցելու մեղադրանքով։
Մինչ այժմ Կինոյանը գտնվել է արտահանձնման կալանքի տակ։
News.am