Логотип

BP-ն Բաքվին զգուշացնում է Կասպից ծովում նավթարդյունաբերության կրճատման վտանգի մասին

«British Petroleum» ընկերությունը նախազգուշացրել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթարդյունահանման կրճատման վտանգի մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ընկերության ներկայացուցիչները դա բացատրում են սահմանափակումներով, որոնք կապված են հորերի ավազակալման հետ։

Այսպես, Բաքվում անցկացված Կասպիական տեխնիկական խորհրդաժողովում BP-ի մենեջեր Աֆղան Հուսեյնովը հայտարարել է, որ ԱՉԳ-ից ընդհանուր առմամբ արդեն արդյունահանվել է նավթի պաշարների կեսը:

Հուսեյնովի խոսքով՝ համաշխարհային մասշտաբով, բացառությամբ մի քանի տարածաշրջանների, նավթի արդյունաբերության արժեքի հիմնական մասը ձևավորվում է հիմնական արդյունահանման հաշվին:

«ԱՉԳ-ից ստացված հասույթի 95%-ը բաժին է ընկնում հիմնական արդյունահանմանը, ուստի չափազանց կարևոր է, որ շահագործվող հորերը բավարար չափով ապահովված լինեն ճնշման հզորություններով։ Հորիզոնական հորատումը այս ոլորտում այսօրվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Մեր հաշվարկներով՝ պաշարների սպառման և մշակվող տեղամասերի մակերեսի կրճատման պայմաններում կայուն արդյունահանումը պահպանելու համար անհրաժեշտ է տարեկան յուրացնել 30%-ով ավելի շատ տարածքներ», – հավելել է նա։

Միևնույն ժամանակ, BP-ի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով տարածաշրջանային նախագահ Ջովաննի Քրիստոֆոլին խորհրդաժողովի ընթացքում հայտնել է, որ ավազակալման հետ կապված սահմանափակումների պատճառով ԱՉԳ-ում հաջորդ տարի ընկերությունը ակնկալում է օրական մոտ 8 հազար բարել նավթի կորուստ:

Նրա խոսքով՝ ԱՉԳ-ից կայուն արդյունահանման ապահովման և դեպի Եվրոպա և այլ շուկաներ արտահանման մատակարարումների պահպանման համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ և նորարարություններ: Մասնավորապես, ընկերությանը անհրաժեշտ են ավելի ու ավելի երկար հորիզոնական հորեր, և BP-ն դեռ լիովին չի հասկանում, թե ինչպես դրանց հորատումը լավագույնս իրականացնի:

Sputnik Արմենիա