Логотип

Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը

Էստոնական Proud Engineers ընկերությունը թվայնացնելու է Հայաստանի պետական կառավարման համակարգերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության և Proud Engineers ընկերության միջև համագործակցությունը՝ նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն:

«Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել փորձի փոխանակումը, այդ թվում՝ գործընթացը սահուն և արդյունավետ իրականացնելու համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տաավի Կոտկան իր հերթին ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները: Նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:

Sputnik Արմենիա