«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հավելյալ աշխատավարձերի համար սպառողները չեն վճարում, այսինքն՝ դա հոսանքի սակագնի մեջ չի մտնում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասաց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրեց, որ ՀԷՑ-ում աշխատավարձային քաղաքականությունը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանը «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ «ՀԷՑ»-ի նախկին ղեկավարության պարգևավճարներից հրաժարվելով՝ մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորել, ինչի արդյունքում բարձրացրել են աշխատակիցների ցածր աշխատավարձերը։
«ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է։ Եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացրեք, ինչո՞ւ աշխատավարձը նույնչափ չեք բարձրացնում ԲԷՑ-ում։ Ասեմ ավելին՝ ի տարբերություն ԲԷՑ-ի` ՀԷՑ-ում վերջին տարիների ընթացքում Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից 11 միլիարդ դրամ է հատկացրել՝ հավելյալ աշխատավարձ տալու կամ մարդկանց աշխատավարձը բարձր պահելու համար, որը ոչ մի սակագնի հետ կապ չունի»,– ասաց նա։
Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ իշխանությունները, հայտարարելով մենեջերների և աշխատակիցների աշխատավարձերի մեծ տարբերության մասին, փորձում են նրանց միջև հակադրություն ստեղծել։ Սակայն, ըստ Կարապետյանի, իրականում բնական մենաշնորհի ունեցող ընկերություններում թե՛ աշխատավարձերի, թե՛ աշխատակիցների քանակի հարցը կարգավորում է ՀԾԿՀ-ն։
Հիշեցնենք, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է, թե ընկերության` 2018–2024 թթ. նոյեմբերի բազան ջնջվել է։ Քննարկվել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և՛ կոնցեսիոն կառավարման հանձնելու, և՛ այն կրկին մասնավորեցնելու հնարավորությունները։
Sputnik Արմենիա
