Բաքուն ամեն կերպ կաջակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանում սպասվող ընտրական գործընթացների նախաշեմին ականատես ենք լինում առաջին հայացքից պարադոքսալ մի պատկերի․ Բաքուն, որը դեռ երեկ հանդես էր գալիս կոշտ վերջնագրերի դիրքերից, հանկարծակի անցում է կատարել «էներգետիկ բոնուսների» և ցուցադրական մարդասիրական քայլերի մարտավարությանը։ Սակայն տեղի ունեցողի խորքային վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ մեր առջև ոչ թե խաղաղության տևական ինստիտուցիոնալացման փորձ է, այլ ուղղակի միջամտություն հանրապետության ներքին գործերին։
Իլհամ Ալիևn, ըստ էության, սկսել է բացահայտ ներդրումներ կատարել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գործում՝ գործող վարչապետին դիտարկելով որպես սեփական ընտրական ռեսուրս, որը երաշխավորում է Ադրբեջանի շահերի իրացումը։
Այս «նախընտրական կաշառքի» ամենախոսուն վկայությունը նավթամթերքի շուկայում տիրող իրավիճակն է։ Ադրբեջանի Սակագնային խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը՝ սեփական քաղաքացիների համար բենզինի և դիզվառելիքի ներքին գները բարձրացնելու մասին՝ նույն այդ ռեսուրսները Փաշինյանի կառավարությանը ցածր գներով արտահանելուն զուգահեռ, մատնանշում է Բաքվի համար աշխարհաքաղաքական խնդիրների անվերապահ առաջնահերթությունը սեփական տնտեսական շահերի նկատմամբ։ Վառելիքի զգալի ծավալների մատակարարումը վերածվում է հայկական իշխանությունների քողարկված սուբսիդավորման։ Օգտագործելով վառելիքային լծակը՝ ադրբեջանական ղեկավարությունը հնարավորություն է ստանում արհեստականորեն կարգավորել Հայաստանի սոցիալական կայունությունը։ Այն պայմաններում, երբ վառելիքի արժեքը տնտեսության և հանրային տրամադրությունների համար վճռորոշ գործոն է, Փաշինյանին արտոնյալ պայմաններով էներգակիրների տրամադրումը հանդիսանում է նրա քաղաքական կենսունակության երաշխիքը՝ կանխելով սոցիալական ճգնաժամերը, որոնք կարող էին հարվածել իշխող կուսակցության վարկանիշին ընտրական շրջանում։
Առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հայկական շուկայից ավանդական մատակարարների՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի, պլանավորված դուրսմղումը։ Սահմանելով շուկայականից ցածր գներ՝ Բաքուն ոչ միայն մրցակցում է շուկայի մասնաբաժնի համար, այլև ռազմավարական առումով փոխարինում է ազդեցության նախկին կենտրոններին։ Ներկրող ընկերությունները դառնում են այս նոր կախվածության հաղորդալարերը, ինչը Հայաստանի տնտեսական հիմքը հյուսիսից և հարավից վերակողմնորոշում է դեպի արևելք։ Այս գործընթացի ինստիտուցիոնալացումը հաստատվում է նաև լոգիստիկ փոփոխություններով․ Վրաստանի կողմից տարանցման վճարի սահմանումը վկայում է այն մասին, որ սա վերածվել է ազդեցության մշտական գործող խողովակի, որտեղ Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությունը դառնում է Ադրբեջանում ընդունվող որոշումների ածանցյալը։
2026 թվականի հունվարի կեսերին տեղի ունեցած իրադարձությունները միայն հաստատում են այս ռազմավարությունը։ Հակարիի կամրջով չորս հայ գերիների վերադարձը դասական PR տեխնոլոգիա է, որը կոչված է ամրապնդելու Փաշինյանի թեզը սեփական «խաղաղության դարաշրջանի» արդյունավետության մասին։ Դրա դիմաց Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնեց երկու ցմահ դատապարտված վարձկանների, ինչը տեղավորվում է փոխադարձ ցուցադրական քայլերի տրամաբանության մեջ։
Սակայն կարևոր է հասկանալ, որ եթե Բաքուն իրոք շահագրգռված լիներ իրական խաղաղությամբ, ապա նման գործընթացները կարող էին սկսվել դեռևս 2023 թվականի ձմռանը՝ Արցախի էթնիկ զտումից անմիջապես հետո։ Փոխարենը, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը՝ հստակ հասկացնելով, որ ընթացիկ զիջումները միայն հարմար գործընկերոջ ժամանակավոր աջակցությունն են, այլ ոչ թե հրաժարում ագրեսիվ ծրագրերից։
Այս «աջակցության» գինը Հայաստանի համար երկարաժամկետ հեռանկարում կլինի ճակատագրական։ Գործող վարչակազմի վերարտադրության դեպքում Բաքվի պահանջների իրականացումn՝ արտատարածքային միջանցքից մինչև Մեծամորի ԱԷԿ-ի փակում, տեղի կունենա սեղմ ժամկետներում։ ԵԱՏՄ-ի հետ կապերի վերջնական խզումը և Ռուսաստանի վերածումը պաշտոնապես հռչակված «թիվ 1 թշնամու»՝ հանրապետությանը կզրկի անվտանգության համակարգի վերջին տարրերից։ Այս գործընթացը կարող է կանգնեցնել միայն ժողովուրդը՝ գիտակցելով, որ էժան բենզինի և չափաբաժնով մատուցվող մարդասիրական ակցիաների հետևում թաքնված է ինքնիշխանության վերջնական ապամոնտաժումը։ Ալիևի ներդրումը Փաշինյանի մեջ` խաղադրույք է մի առաջնորդի վրա, որն իր ընտրական գոյատևման դիմաց պատրաստ է սեփական երկիրը վերածել հարևանի էներգետիկ և քաղաքական կցորդի։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
