Логотип

Ծայրից ծայր փնթի գործ. Բագրատ սրբազանն արձագանքեց դատախազի ներկայացրած ապացույցներին

«Սրբազան պայքարի» գործը ծայրից ծայր փնթի է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո այս հայտարարությունն արեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց՝ հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի ամեն խոսքին կարող է իրավական ճշգրիտ հակադարձում տալ, սակայն ինքն այդ տիրույթ չի մտնելու։

«Սա իր ամբողջության մեջ փնթի գործ է։ Ես անեի՝ ավելի լավ ու ճիշտ կանեի։ Յոթ ամսվա գործն ավելի ճիշտ և ուղիղ կտանեի՝ իմանալով, թե ում ինչ պետք է պատասխանել։ Եթե նպատակ դրած լինեի այս մարդկանց պատժելու, ապա պատիժն էլ կտայի»,– ասաց նա։

Սրբազանի պնդմամբ՝ 35 հատորից կազմված գործում որևէ ապացուցողական բազա գոյություն չունի։

«Այս գործը չունի փորձաքննություն, ձեռագրաբանություն և ոչ մի բան։ Հետևաբար ինչ էլ ներկայացնեն այստեղ, պատվարժան դատարան, մի՛ ակնկալեք, որ որևէ փուլում դրանք ընդունվելու են։ Պնդում եմ, որ յոթ ամիս տևած քննության արդյունքները մեր հարգարժան դատախազները գոնե մի էջով ներկայացնեն»,– ավելացրեց Բագրատ սրբազանը։

Մեղադրող կողմը դատարանում ներկայացրեց ապացույցների ծավալը, որը հետագայում դատարանը պետք է քննի։ Ապացուցողական բազան առայժմ սահմանափակվում է այցելությունների և հեռախոսային զանգերի չփորձաքննված տվյալներով ու խուզարկությամբ հայտնաբերված իրերով։ Դատախազը նշեց, որ ժամանակ խնայելու նպատակով չի մանրամասնում փաստերը, այլ պարզապես հղում է անում գործի էջերին և վկաների ցուցմունքներին։

Sputnik Արմենիա