Логотип

Հայտնաբերվել ու վնասազերծվել է Արշակունյաց պողոտայում 62-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվողը. Նա օտարերկրացի է

Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները օրեր շարունակ իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանելու մեջ կասկածվողին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վերջինս սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչություն, որտեղից այնուհետև նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ նա օտարերկրացի է՝ Տաջիկստանի քաղաքացի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 6-ին, ժամը 21։10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։ Մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ն էր:

News.am