Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հույս է հայտնել, որ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի շուրջ ստեղծված իրավիճակին արագ լուծում կգտնվի՝ օրենքի շրջանակներում և բոլոր կողմերի իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։
Ֆեդերացիան հայտարարել է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Լպուտյանի դեմ առաջադրված նախնական մեղադրանքներին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին նրա ձերբակալության մասին՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, խարդախության, խարդախությանն օժանդակելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով։
Լպուտյանը նաև Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենն է։ ՖԻԴԵ-ն ընդգծել է, որ Լպուտյանն զգալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման գործում՝ թե՛ խաղատախտակի շուրջ, թե՛ ազգային ֆեդերացիայի հետ իր երկարամյա աշխատանքի շնորհիվ։
Ֆեդերացիան նաև հատուկ նշել է Շախմատի հետազոտությունների ինստիտուտի կարևոր դերը շախմատի գիտության և կրթական ծրագրերի զարգացման գործում։ ՖԻԴԵ-ն հավելել է, որ սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այս տարի «Շախմատը դպրոցներում» ծրագրին տրված առաջնահերթությունը։
Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրոռեկտորի և այս գործով այլ անձանց կալանավորման մասին լուրը։ Կոմիտեն հրաժարվել էր լրացուցիչ մանրամասներ բացահայտել՝ հղում անելով նախաքննության շահերին։
