ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը միայն այն ժամանակ է արձագանքել 44-օրյա պատերազմի հանգամանքներին, երբ իր անունն է շրջանառվել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գասպարյանն առաջարկել էր ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպել 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։
Աբրահամյանը զարմանք է հայտնել այն մասին, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, սակայն Գասպարյանը միայն հիմա է դրա մասին խոսում։
«Ինչու՞ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։ Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։ Ինչո՞ւ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021-23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։ Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն»,- գրել է նա։
Պատգամավորը նշել է, որ Գասպարյանը վատ ձևաչափ է ընտրել խոսելու համար, քանի որ պատգամավորի խոսքով, նրա ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված, սակայն ԱԺ-ում Գասպարյանն առաջարկել է փակ քննարկում։
Armenia Today
