Логотип

ԳՈՐԲԱՉՈՎԻ ՀԱՐԹԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Խորհրդարանում կառավարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման հետ կապված իր ելույթում Փաշինյանն ասաց մի ուշագրավ, խորհրդանշական բան։ Նա մեղադրեց ընդդիմությանը, թե վերջինիս ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում «չեն խոսում ժողովրդի մասին», իսկ այ «Քաղաքացիական պայմանագիրը» կանոնավորապես հիշատակում է«ժողովրդին»:

Այն պնդումը, թե ընդդիմությունը չի խոսում ժողովրդի մասին, իհարկե, անհեթեթություն է, միայն Նիկոլին է հայտնի, թե հերթական ինչ հիստերիայի արդյունքում է նա հանգել նման եզրակացության։ Բայց այստեղ գլխավորն այլ է։ Ըստ Փաշինյանի՝ ով ավելի շատ խոսում է ժողովրդի մասին, նա էլ լավագույն քաղաքական գործիչն է…

ԱՅՍՏԵՂ ՆԱ ԹԵՐԵՎՍ ԲԵՐԱՆԻՑ ԹՌՑՐԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Դա իսկապես նրա հավատամքն է հնարավորինս հաճախ երդվել ժողովրդի անունով։ Քանզի Փաշինյանը գիտի խոսքի գինը, պոպուլիզմի գինը։ Սա է նրա գլխավոր տարբերությունը պետականամետ քաղաքական գործիչներից. հենց նույն նախկին նախագահներից կամ Սամվել Կարապետյանից ու Գագիկ Ծառուկյանից։ Նրանք չեն սիրում երդվել, նրանք գործի մարդիկ են։ Այսինքն, ի տարբերություն Փաշինյանի, որի համար առաջին տեղում խոսքն է, նրանք գիտեն գործի գինը։

Դա է նրանց ուժը, բայցև գլխավոր խնդիրը՝ այն պայմաններում, երբ գերիշխում է պոպուլիզմը։ Որովհետև պոպուլիզմի համար լավ են վճարում այս աշխարհի հզորները՝ գերազանց հասկանալով, որ պոպուլիստ քաղաքական գործիչներին շատ ավելի հեշտ է կառավարել, նրանց շատ ավելի հեշտ է ստիպել պարել իրենց դուդուկի տակ։

Բավական է, ինչպես արդեն մի առիթով գրել ենք, պարբերաբար ծափ տալ պոպուլիստ քաղաքական գործիչներին ու պարբերաբար կերակրել։ Ինչպես փոխաբերական, այնպես էլ բառացի իմաստով: Նիկոլ Փաշինյանի պարագայում գործ ունենք դասական պոպուլիստի հետ, և հասկանալի է, թե ինչու է նա այդքան սիրահարված Արևմուտքին. չէ որ հենց այնտեղ են նրան պարբերաբար ծափահարում և այնտեղից են կանոնավորապես կերակրում։

Այո, պոպուլիստ քաղաքական գործիչները շատ հաճախ են իրենց ելույթներում խոսում ժողովրդի մասին, երդվում նրա անունով, բայց, որպես կանոն, չափազանց դաժան փորձություններ են բերում իրենց ժողովրդին։ Ադրբեջանում Էլչիբեյն էր, որին այնքան նման է չսափրված Փաշինյանը։ Վրաստանում՝ Սահակաշվիլին։ Ուկրաինայում՝ Զելենսկին: Ռուսաստանում՝ Գորբաչովն ու Ելցինը…

Գորբաչովն ընդհանրապես դասական կերպար է։ Դասական օրինակ, թե ինչպես կարելի է քանդել երկիրը՝ խոսելով ժողովրդի շահերի մասին։ Բանը հասցնել մի շարք հակամարտությունների սեփական երկրի տարածքում, այդ երկրի սուբյեկտների տնտեսությունների ոչնչացման։ Տասնյակ հազարավոր մահերի՝ երկրի կործանման հետևանքով։ Եվ այդ ամենը՝ ժողովրդավարության, վերակառուցման, հրապարակայնության և միջազգային հարաբերություններում «նոր մտածողության» գեղեցիկ կարգախոսների ներքո…

Ոչ մի նոր բան չկա այս արևի տակ, այդ թվում նաև մեր Նիկոլը, որը անձամբ վստահ քայլում ու իր հետևից տանում է երկիրը Միխայիլ Գորբաչովի հարթած ճանապարհով։ Իսկ ավելի ճիշտ՝ այն երկրների հատուկ ծառայությունների, որոնք, նախ՝ հասկանում են պոպուլիզմի ողջ հմայքն այս կամ այն երկիրը իրենց վերահսկողության տակ վերցնելու գործում։ Եվ երկրորդ՝ ունեն անսահմանափակ քանակությամբ ռեսուրսներ, որպեսզի վարձատրեն կործանարար պոպուլիզմի համար այն երկրներում, որոնք մտադիր են կառավարել։

Մեր գլխավոր դժբախտությունն այն է, որ եթե Գորբաչովը ղեկավարում էր մեծ երկիր, շատ մեծ, ապա Հայաստանը փոքր երկիր է։ Պոպուլիստի կառավարման ևս մեկ ժամկետի նա կարող է չդիմանալ։