Логотип

Իրավապաշտպան․ Փաշինյանի շարասյունը վայրագ երթևեկում է նաև Սոնա Մնացականյանի դեպքից հետո

Հասարակության արդար պահանջը պիտի լինի, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալիս իրեն ապահով զգա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27–ին, «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՔԻՀԿ իրավապաշտպան Մարիամ Մանայանը։

Սա շատ կարևոր է բոլորիս համար, քանի որ նման իրավիճակում կարող էինք հայտնվել և մինչ օրս, ցավոք սրտի, կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, մեր սիրելիներից յուրաքանչյուրը, քանի որ այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում։ Վարչապետին ուղեկցող շարասունը կամ մյուս պաշտոնյաների ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել և ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։ Բոլորս պետք է սա գիտակցենք և հանրային իրազեկում լինի սրա մասին քննարկվի և յուրաքանչյուր քաղաքացի ուղղակի պատահական ինչ-որ դժբախտ դեպք չհամարի, գիտակցի, որ սրա դեմը պետք է առնել, կլինի հանրային բողոքի ձևով, կլինի հետագայում օրենքների վերանայման կամ ընդհանրապես վարքագծի վերանայման ձևով, բայց սրա լուսաբանումը կարևոր է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։

Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին էր մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը, որը դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով էլ նա զրկվեց ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Պատժին հաշվակցվեց Արամ Նավասարդյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 5 ամիս 26 օրը։

Նշենք, որ գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Դատավճռից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Սոնա Մնացականյանի հայրն ակնկալում էր առավել խիստ պատիժ` 4 տարվա ազատազրկում, իսկ վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է։

Նշենք, որ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։

Զեկույցում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների շարասյուների, ծառայողական մեքենաների ստեղծած վթարային իրավիճակները, Ս․ Մնացականյանի գործով թերի, խնդրահարույց քննություն և ձգձգվող դատավարույթան մանրամասներ, ինչպես նաև իշխանական ապատեղեկատվությունը ու քարոզչական ճնշումները։

News.am