Логотип

ՈՐ ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԸ ՄԻՇՏ ՀՆՉԻ

Աստղիկ, Էդուարդ, Նանար, Անուշ, Վահագն… Այս և մոտ 50 այլ պատանի երգիչներ արդեն մեկ շաբաթ է, ինչ բեմ են բարձրանում Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի բոլորին հիշեցնեն. Արցախը կա, Արցախը ապրում է մեր սրտերում, այն չի մոռացվել և սպասում է մեր վերադարձին:

Ահա այսպիսի տրամադրությամբ սկսեց Հայաստանում իր համերգային շրջագայությունը Շուշիի անվանի «Վարանդա» երգչախումբը, որն այս օրերին «Երգող Արցախ» նախագծի շրջանակներում ելույթներով հանդես եկավ Մասիսում, Գյումրիում, Երևանում: «Վարանդա»-ի ամեն համերգ հենց այնպես չի անցել՝ ամենուր հիանալի երգչախումբն արժանացել է բուռն ծափահարությունների՝ ուղղված թե կատարողներին, թե հիմնադիր, գեղարվեստական ​​ղեկավար, լիբանանահայ անվանի երաժիշտ և խմբավար Զաքար Քեշիշյանին։ Սակայն այս ամենը «Վարանդայի» համերգների տեսանելի մասն է, որի տակ թաքնված է ամիսների և տարիների քրտնաջան աշխատանք, իսկ այսօր նաև ապրումներ, հույզեր, որոնք պատանի արցախցիները չկարողացան զսպել անգամ ելույթների պահերին։

Ցավալի էր նայել երեխաների դեմքերին, երբ նրանք երգում էին Արցախի մասին ու լաց լինում բեմի վրա, բայց շարունակում էին ելույթը, որպեսզի, ինչպես ասաց երևանյան համերգից առաջ Զաքար Քեշիշյանն, Արցախի հարազատ հողը, որն այսօր ոտնակոխ է անում թշնամին, լսի նրանց ձայնը և շարունակի սպասել իր ժողովրդին։

«Երկրորդ տարին է, ինչ մենք երգում ենք Արցախից հեռու, բայց ուրախ ենք, որ հնարավորություն ունենք հավաքվելու Հայաստանում ու պահելու մեր՝ սեպտեմբերին համերգներով ելույթ գալու այս գեղեցիկ ավանդույթը։ Այդ փաստը մեզ ուժ է տալիս և չի թողնում, որ Արցախ վերադառնալու հույսը մարի։ Մենք շարունակում ենք երգել, որ մեղմենք մեր հոգեխոցը, ապրենք վիշտը՝ չթողնելով այն մեզ ծնկի բերի ու թշնամին հասկանա, որ չի լռեցրել Արցախի ձայնը։ Երգում ենք, որ մեր մեջ վառ ու թրթռուն մնա մեր Արցախ աշխարհը, որ առօրյան իր դաժան հևքով այն չհանի ո՛չ մեր լեզվից, ո՛չ մտքից, որպեսզի ամրապնդենք արցախյան մեր կյանքի պայծառ հիշատակները, որ չխամրեն մեր երազանքներն ու չդառնան հաջորդ սերնդի բաժին։ Մենք պետք է ամեն օր գործենք դրանց իրականացմանն ի խնդիր։ Երգում ենք, որպեսզի Արցախի հողը շարունակի լսել մեր սրտերի բաբախյունը, և մենք լցվենք հույսով ու հավատով, որ բարին և արդարությունը հաղթում են ոչ միայն հեքիաթներում, այլ նաև իրական կյանքում։ Հավատում ենք, որ կվերադառնանք Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ ու հայոց Արցախի այլ բնակավայրեր և կրկին կերգենք նախնիների հողի վրա», – ասաց Զաքար Քեշիշյանը։

«Վարանդա»-ի Մասիսում և Գյումրիում կայացած համերգներից անմիջապես հետո դրանց անդրադարձավ թե տեղական, թե Սփյուռքի մամուլը, գրելով այս տարվա երկացանկի ու երգչախմբի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Կոլեկտիվը իրոք համալրվել է նոր տղաներով և աղջիկներով՝ ոչ միայն Շուշիից, այլև Արցախի այլ քաղաքներից ու գյուղերից։ Նրանք ամառվա վերջին երկու ամիսների ընթացքում շաբաթական երեք անգամ ուրախությամբ շտապում էին Երևանում անցկացվող փորձերին։ Երգչախմբի երկացանկը նույնպես թարմացվել է։ Համերգների ժամանակ հին երգերից հնչեցին մեկ-երկուսը, մնացածը նոր էին թե ունկնդրի, թե պատանի երգիչների համար։

Շուշիի «Վարանդա»-ի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ Երևանում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում։ Մեկնարկը տրվեց անվանի կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի «Ժառանգներն ենք Արցախի» երգով, որը ներառվել է երգչախմբի ծրագրում դեռ 1990-ականների սկզբերին՝ երգչախմբի կազմավորման արշալույսին։ Նվագակցում էր երիտասարդ դաշնակահար, «Վարանդա»-ի նախկին սան Վլադիմիր Գալստյանը, ում հայրը մահացել է Արցախի հայաթափումից մեկ օր առաջ։ Տղան որոշել է նվիրել իր կյանքը երաժշտությանը՝ հոր հիշատակին։

Համերգը լի էր նաև այլ նվիրումներով։ Երգերից մեկը «Վարանդան» կատարեց ի հիշատակ այն տղաների, ովքեր տարբեր տարիներին երգել են նրա կազմում և տարիներ անց զոհվել 2016 թվ․ Ապրիլյան պատերազմի, 2020 թվ․ 44-օրյա պատերազմի և 2023 թվ․ Արցախի վրա զինված հարձակման ժամանակ։ Մեկ այլ համար պատանի արցախցիները կատարեցին ի պատիվ կոմպոզիտորների և տեքստերի հեղինակների, ովքեր երգեր են գրել երգչախմբի համար՝ նրա գոյության 33 տարիների ընթացքում։ Բանաստեղծ և գրող Յուրի Սահակյանը «Վարանդա»-ին նվիրել է 60 բանաստեղծություն, որոնց տեքստերով գրվել են երգեր։ Մի քանիսը կատարվել են երգչախմբի համերգների ժամանակ, ևս մի քանիսն էլ այս տարի առաջին անգամ հնչեցին բեմերից։ Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը երգչախմբի համար գրել է 12 երգ, որոնցից 9-ը արդեն ծանոթ են ունկնդրին «Վարանդա»-ի ելույթներից։ Այս տարվա համերգներին հնչեց նրա այլ՝ «Ժամացույց» երգը։ Համերգին նվագակցում էր երգչախմբի մշտական ​​դաշնակահարուհի Նադեժդա Հակոբյանը։ Երգերից մեկը ղեկավարեց դրա հեղինակ՝ կոմպոզիտոր Մամիկոն Անդրեասյանը։

«Ուսանողական տարիներին մենք ավանդույթ ունեինք։ Հավաքվում էինք կոնսերվատորիայի դիմացի սրճարանում՝ մոտ 15 հոգով, որոնց թվում էին նաև հայտնի կոմպոզիտորներ, և խոսում էինք երաժշտության, ստեղծագործելու մասին։ Մեր զրույցների հետքերով գրվում էին երգեր, որոնք հետագայում կատարվել են ոչ միայն «Վարանդա»-ի, այլև Բեյրութում իմ ղեկավարած երգչախմբերի, օրինակ, «Կարկաչ»-ի և այլոց կողմից։ Իմ գործունեության տարիների ընթացքում «Վարանդա»-ի համար գրվել է ավելի քան 150 մանկապատանեկան երգչախմբային երգ։ Ես շնորհակալ եմ հեղինակներին, որոնց շնորհիվ այս տարի դրանց ավելացան ևս 14-ը», – նշեց Զաքար Քեշիշյանը։

Չենք կարող նաև չնշել պարոն Զաքարի, ինչպես նրան անվանում են սաները, հնարամիտությունը։ Ոչ մի երգ հենց այնպես չկատարվեց. յուրաքանչյուրն ուներ իր տոնայնությունը, մեկնաբանությունը, բեմականացման տարրերն ու հնարքը, ինչը համարները դարձրել էր եզակի ու հետաքրքիր։ Երեխաները կատարեցին ինչպես լուրջ, այնպես էլ հումորային երգեր, հանդիսատեսը ծափահարեց Կոնստանտին Պետրոսյանի մշակմամբ մատուցված «Թամզարա»-ի երգչախմբային տարբերակին, Ստեփան Շաքարյանի «Սուտասելուկ»-ին՝ գրված Յուրի Սահակյանի խոսքերի վրա, Տիգրան Մանսուրյանի՝ արցախյան բանահյուսության հիման վրա ստեղծած երգին և արցախյան բարբառով հնչող այլ կատարումներին։ Դահլիճի տրամադրությունը փոխվեց, երբ հնչեց Արմինե Կարապետյանի՝ արցախյան ժողովրդական ասույթների հիման վրա գրված երգը։

Եղան նաև անակնկալներ։ Համերգի ավարտին բեմ դուրս եկան երիտասարդ աղջիկներ։ Դա «Վարանդա»-ի առաջին սերունդն էր, որը 1990-ների սկզբին հիմք դարձավ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ստեղծված երգչախմբի համար։ Միանալով պատանի երգիչներին, նրանք «Վարանդա»-ի ձայնը դարձրեցին ավելի հզոր և լսելի։

«Ավանդաբար, մենք «Վարանդա»-ի բոլոր համերգներն ավարտում ենք «Երազ իմ երկիր հայրենի» երգով։ Արցախում համերգներից հետո մենք միշտ վերադառնում էինք Շուշի ու երգում այն ​​Ղազանչեցոց եկեղեցու բակում։ 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած երկու տարիներին Ստեփանակերտում անցկացվող համերգներից հետո մենք այն երգում էինք Հերոսների պուրակում։ Ուրախ եմ, որ այսօր մենք այս երգը կատարեցինք միասնական «Վարանդա»-ի կազմով՝ նվիրելով այն հայրենիքին», – խոստովանեց Զաքար Քեշիշյանը։

Համերգից հետո բոլորը կիսվում էին տպավորություններով: «Վարանդա»-ի մասնակից Անուշ Սայանը երկրորդ տարին է, ինչ միացել է երգչախմբին: Հայրենիքից վտարվելուց հետո «Երգող Արցախ» նախագիծը լույսի շող դարձավ իր և բոլոր արցախցի պատանի երգիչների համար: Անուշի խոսքով՝ համերգը և նախապատրաստական ​​աշխատանքները թույլ տվեցին իրեն ժամանակավորապես կտրվել իրականությունից, հոգով-մտքով տեղափոխվել հայրենիք ու նրա կարոտն առնել, նաև հանդիպել հայրենակիցների հետ ու կրկին խոսել Արցախի մասին: Աստղիկ Ավանեսյանը «Վարանդա»-ում երգում է 2020 թվ․ 44-օրյա պատերազմից հետո: Ներկայիս համերգը ոգեշնչեց նրան, քանի որ օգնեց լսելի դարձնել Արցախի ձայնը:

«Մանկական երգեր մեր կոմպոզիտորները շատ են գրել։ Երևի, ամենաքիչ գրածը ես եմ՝ 10-12 երգ գրած լինեմ, – համերգից հետո նշեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: – Խոնարհման արժանի Զաքար Քեշիշյանն յուրաքանչյուր աշակերտի, Արցախի և Շուշիի հանդեպ իր նվիրվածությամբ, երեխաներին կարևոր նպատակների շուրջ միավորելու իր կարողությամբ ինձ դրդեց գալ համերգի։ Ունիսոն երգելը դժվար է, և այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես են արցախցի երեխաները հաղթահարել նման դժվարությունները, կարողացել են ստեղծել երգերի մեջ կերպարներ ու հանրությանը փոխանցել նրանց էությունը։ Ես ուրախ եմ, որ իմ երգերն այս հրաշալի երգչախմբի մասն են կազմում, և որ «Վարանդա»-ի շնորհիվ մեզ հաջողվում է պահպանել հայկական երգչախմբային արվեստի մանկապատանեկան ճյուղը, այս ժանրում ստեղծագործող կոմպոզիտորների ստեղծագործությունները»։

«Եթե երկու տարվա ընթացքում մեզ հաջողվեց կրկին միավորվել Արցախյան նախագծի շուրջ, հավատացեք, մենք անպարտելի ազգ ենք։ Երեխաներից յուրաքանչյուրը մեզ ուժ և հավատ է տալիս, որ մենք կվերադառնանք Արցախ։ Այսօրվա համերգի բեմում կանգնած երեխաները հայի այն տեսակն է, ով կարողանում է չխոնարհվել և շարունակել երգել արցախյան լեզվով։ Այս սերնդի հետ մենք անպայման կվերադառնանք Արցախ», – հուզմունքով ասաց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Լուսանկարիչ՝ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ