Логотип

2022-ի ՍԵՊՏԵՄԲԵՐԸ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Շաբաթ օրը ճշմարիտ, «պատմական» Հայաստանը նշում էր Արցախում 44-օրյա պատերազմին 2 տարի անց հաջորդած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցը: Սեպտեմբերի 13-14-ին Ալիևի հանցավոր ռեժիմը խոշոր տրամաչափի զենքի, հրետանու, հրթիռային համալիրների և ԱՕԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ Գորիսի, Կապանի, Սոթքի, Իշխանասարի ուղղությամբ: Հատկապես թեժ մարտեր արձանագրվեցին Ջերմուկի մերձակայքում։

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱԶՄԵՑԻՆ 224 ՄԱՐԴ, որոնց անունները մինչ օրս հրապարակված չեն: Ադրբեջանի զինված ուժերը զավթեցին Հայաստանի տարածքի մի մասը, այդ թվում՝ ռազմավարական և մարտավարական բարձունքները, որոնք վերահսկողություն են ապահովում մի շարք խոշոր բնակավայրերի նկատմամբ։ Դեռևս մոռացված չէ այն պատմությունը, թե ինչպես զավթիչները, նիկոլական կառավարության լիակատար անգործության և անտարբերության պայմաններում, ավելի քան մեկ տարի հնարավորություն չէին տալիս բուն հայկական տարածքից դուրս բերել հայ զինվորների աճյունները։

Բռնազավթումը շարունակվում է առ այսօր, ավելին՝ պարբերաբար ստացվում են թշնամական զորքերի առաջխաղացման, ամրացման, ինժեներական աշխատանքների մասին ապացուցված տեղեկություններ, որոնք ամեն կերպ հերքվում են ՀՀ ՊՆ-ի կողմից: Բայց Հայաստանի իշխանությունները վաղուց չեն բարձրացնում այդ թեման միջազգային ոչ մի հարթակում, իսկ երկրի ներսում հազվադեպ հնչող հարցերին ի պատասխան հայտարարում են, թե իբր՝ հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Դրանով իսկ փաստացի վեճի առարկա դարձնելով Հայաստանի ինքնիշխան, ճանաչված տարածքը։ Բռնազավթումը ոչ մի կերպ չի հիշատակվում նաև «խաղաղ բանակցությունների» համատեքստում, չենք խոսում արդեն այն մասին, որ «խաղաղության» համաձայնագրի նախագծում ակնարկ անգամ չկա ՀՀ տարածքի ապազավթման անհրաժեշտության վերաբերյալ կետի մասին։

Սեպտեմբերի 13-ին ռեժիմի ոչ մի ներկայացուցիչ, ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, ծպտուն անգամ չհանեց Ադրբեջանի 2022 թ. լիարժեք ռազմական ագրեսիայի, փաստացի՝ Հայաստանի դեմ պատերազմի մասին, որը խլեց ավելի քան երկու հարյուր հայերի կյանք, պատճառեց լայնածավալ ավերածություններ, վնասներ և տարածքային կորուստներ։ Ասես մեր նորագույն պատմության մեջ չեն էլ եղել այդ երկու սարսափելի օրերը…

Տեղի չունեցավ հիշատակի ոչ մի պաշտոնական միջոցառում։ Փաշինյանական ծառայանին սիրաշահում էր Պետդեպարտամենտի բարձր ներկայացուցչին, երևանյան մարզադաշտում տեղի էր ունենում Ձախ Հարութի աղմկոտ համերգը, Վաշինգտոնում նորանշանակ հայ դեսպանը ջերմագին շփվում և սեղմում էր հայտնի հայատյացի՝ Ալիևի օգնականի ձեռքը, Եռաբլուրում զոհվածներին շիրիմին այցելում էին միայն նրանց հարազատները…

Հրադադարից 2 օր անց՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին հուզմունքով պատմում էր ագրեսիայի ընթացքում ադրբեջանցիների կողմից, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին։

«ԱՅԴ ՆԿԱՐՆԵՐԸ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԻՄ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ ՈՒՆԵՄ, որը կարող եմ ցուցադրել: Այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որոնք մարդիկ կարող է չկարողանան դիտել: Ուզում եմ նաև նշել, որ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վայրագություններ ցուցաբերել, դա միջազգային մարդասիրական ուժի խախտում է։ Ես ցույց կտամ այդ տեսահոլովակը, որտեղ բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է»,- հայտարարեց նա այն ժամանակ։

Ցնցված դեսպանները խնդրեցին նրան գաղտնի ցույց տալ տեսանյութը, որն այդ օրերին բարբարոսներն արդեն լայնորեն տարածել էին սոցցանցերում։ Կադրեր, որոնք իսկապես անհնար է դիտել առանց սարսափի, կադրեր ի տես ամենքի ցուցադրված կանացի խեղված մերկ մարմնի պատկերմամբ:

Այդ օրերին հայ զինվորների դեմ կատարվել էին նաև այլ հանցագործություններ, օրինակ՝ գերիների գնդակահարությունը, որը նույնպես նկարահանվել ու տարածվել էր համացանցում։ Բայց տանջամահ արված կնոջը պատկերող տեսանյութը ամենից շատ ցնցեց մարդկանց, քանզի զոհը կին էր: Որը պաշտպանում էր իր երկիրը, նրա սահմանները, իր ժողովրդին, իր զավակներին։

Այդ երկու օրերին զոհվել է 5 կին զինծառայող։ Ահա նրանց անունները. Սուսաննա Գրիգորյան, Անուշ Ապետյան, Ալիսա Մելքոնյան, Իրինա Գասպարյան, Գայանե Աբգարյան: Նրանցից ոմանք բազմազավակ մայրեր են։ Երկուսը, գերի ընկնելով, տանջամահ են արվել ճիվաղների կողմից…

Նրանց մասին ո՛չ Ասրյանն ու իր ՊՆ-ն, ո՛չ էլ առհասարակ օկուպացիոն ռեժիմը չհիշեցին ողբերգության երրորդ տարելիցին։ Միայն սոցցանցերում տարածվեցին լուսանկարներն օգտատերերի կողմից, ուղեկցված Հայրենիքի հերոս պաշտպանների հիշատակին նվիրված տեքստերով:

Սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանը մի շարք դատական հայցեր ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային քրեական դատարան։ Հայցերը վերաբերում են քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակմանն ու գնդակոծությանը, ինչպես նաև հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի բռնության և զոհվածների մարմինների ծանակման փաստերին: Ներկայացված են նաև ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դաժան սպանության սահմռկեցուցիչ տեսանյութեր։

ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՑԵՐ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։ Մնացածը դիտարկվում են. առայժմ։ Սակայն կասկածից վեր է, որ փաշինյանական ռեժիմը մտադիր է շուտով հետ կանչել նաև այդ հայցերը՝ կապված Ադրբեջանի կողմից նույնիսկ ոչ թե Արցախում, այլ ինքնիշխան Հայաստանի հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների հետ։

Հանցագործություններ, որոնք կատարվել են հրեշավոր լկտիությամբ, ցինիկաբար, ցուցադրաբար, սեփական ամենաթողության և անպատժելիության գիտակցմամբ: Վստահությամբ, որ Փաշինյանն ու իր հակահայկական ոհմակը կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան Բաքվում նստած ոչ միայն իրենց բարձրաստիճան հանցակիցների, այլև նույնիսկ շարքային դահիճների դատապարտումն ու պատիժը։

Ընդամենը 2 օրվա մեջ տեղավորված զանգվածային զարհուրելի մահապատիժներից, այդ թվում կանանց նկատմամբ խոշտանգումներից ու բարբարոսություններից, ինչպես նաև հայկական տարածքի բռնազավթումից ընդամենը 3 տարի անց մանկուրտների ռեժիմն արդեն ամեն կերպ մոռացության է մատնում այդ ոճրագործությունները՝ ճամարտակելով «առևտրի, փոխայցելությունների» և Հայաստանը նրանցով բնակեցնելու մասին, ովքեր արել են այդ ամենը, ովքեր տվել են հանցավոր հրամանները, ովքեր ցնծացել ու հրճվել են սարսափելի կադրերով։ Նրանցով, ովքեր ունակ են և պատրաստ են կրկնել այդ ամենը:

ՀՀ տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործություններին վերաբերող հայցերի հետկանչը կդառնա ոչ այլ ինչ, քան արածի լեգիտիմացում, ինդուլգենցիա ամեն կարգի ու տեսակի դահիճներին և Հայաստանի տարածքում նոր ոճիրների կատարման քարտ-բլանշի տրամադրում նրանց, ովքեր լեգալորեն հազարներով մեր երկիր կուղարկվեն հենց այդ նպատակով։