Մոսկվա կատարելիք այցը չի կարող փոխել Հայաստանի ուղին դեպի թյուրքական աշխարհ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը շուտով կայցելի Ռուսաստան։ Փաշինյանի յուրաքանչյուր այց ՌԴ սթրես-թեստ է նրա՝ Արևմուտքի, և առաջին հերթին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համար։ Յուրաքանչյուր այցից առաջ և հետո պարտադիր են հակառուսական հարձակումները, որոնք, Փաշինյանի ընկալմամբ, Անկարային կապացուցեն, որ նա չի շեղվել աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ Հայաստանը թյուրքական աշխարհին ինտեգրելու ճանապարհից։
Այս անգամ ևս՝ ՌԴ կատարելիք այցից առաջ, հայ-ռուսական հարաբերությունները գրոհեցին և՛ Փաշինյանը, և՛ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Սկսենք Վահագն Խաչատուրյանից, ով RTVI-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի «կրտսեր եղբայրից» վերածվել է լիիրավ գործընկերոջ։ «Հիմա Ռուսաստանի հետ բոլորովին այլ հարաբերություններ են՝ գործընկերային։ Դա այն է, ինչին մենք իրականում հասել ենք վերջին չորս տարիների ընթացքում»,- ասել է Խաչատուրյանը։
Պարզ վերլուծության միջոցով մենք կարող ենք հետադարձ հայացք նետել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին չորս տարիների ընթացքում, ինչը Խաչատուրյանին թույլ է տալիս հայտարարել, որ «Հայաստանն այլևս Ռուսաստանի կրտսեր եղբայրը չէ»։ Նշված տարիների ընթացքում հայ ժողովուրդը շատ բան է վերապրել՝ սկսած Արցախը Ադրբեջանին հանձնելուց, մինչև Տավուշի մարզի տարածքների զիջումն ու Ադրբեջանի և Թուրքիայի առջև Սահմանադրությունը փոխելու և Սյունիքի տարածքով միջանցք տրամադրելու պարտավորությունները։ Ստացվում է, որ երբ Հայաստանը Փաշինյանի և Խաչատուրյանի ընկալմամբ Ռուսաստանի «կրտսեր եղբայրն» էր, նա ուներ ամեն ինչ՝ սկսած Ղարաբաղից մինչև Տավուշում և Սյունիքում անխախտ սահմաններ։ Իսկ հիմա նա նշվածից ոչինչ չունի։ Հայաստանը դառնում է թյուրքական աշխարհի մի մասը, բայց Նիկոլի և Խաչատուրյանի ընկալմամբ սա ինքնիշխանություն է։
Իրականում Հայաստանը երբեք Ռուսաստանի կրտսեր եղբայրը չի եղել։ Երկար տարիներ գործել է իրավական հիմք, որը թույլ է տվել Հայաստանին լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Եթե Հայաստանը լիներ «ՌԴ-ի կրտսեր եղբայրը», ապա ինչպե՞ս այդ դեպքում Փաշինյանը 2018 թվականին իշխանություն ստացավ։ Խաչատուրյանն ու Փաշինյանն այստեղ անհամապատասխանություն չե՞ն տեսնում։ Այլ բան է, որ «Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է» չի մտնում Փաշինյանի ծրագրերի մեջ, քանի որ Մոսկվային հետաքրքրող Հայաստանում նա և իր թիմը խաղից դուրս են մնում։
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա այս անգամ նա պատմեց մի նոր պատմություն, թե ինչու է Երևանում փոխվել վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Փաշինյանը կրկին փաստացի քննադատեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Երևանը վերանայել է ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ այդ կազմակերպության հետ արտաքին անվտանգության ապահովման հարցում կան չլուծված խնդիրներ։ «Պարզվեց, որ կազմակերպությունը «Ադրբեջանը համարում է նույնքան եղբայրական երկիր, որքան Հայաստանը»»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա հայտարարության քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ նա ստիպված է եղել Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, քանի որ «ՀԱՊԿ-ը Ադրբեջանը եղբայրական պետություն է ճանաչում»։ Սրանք Նիկոլ Փաշինյանի «նոր ցուցմունքներն էին» այդ թեմայով: Նախկինում Արցախի հանձնման համար նա մեղադրում էր «սուբյեկտների և իրավական ակտերի» շատ լայն շրջանակի՝ սկսած բուն ղարաբաղցիներից մինչև Ալմա-Աթայի հռչակագիրը, 1996 թվականին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը և նույնիսկ ԽՍՀՄ ՊԱԿ-ը։ Սա վկայում է միայն այլ սուբյեկտների վրա պատասխանատվությունը փոխանցելու փորձերի մասին։
Բայց ահա մի հետաքրքիր փաստ. մինչև 2018 թվականը ՀԱՊԿ-ը միշտ արձագանքել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի սրմանը։ Ավելին, ՀԱՊԿ-ի երկար տարիների քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը «կպայթեցնի ամբողջ Կովկասը»։ Ամեն ինչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։
Իրականում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ արված բոլոր այս հայտարարությունները անհրաժեշտ են նրան ապահովագրվելու համար։ Որպեսզի Թուրքիայում կամ Ադրբեջանում «նույնիսկ չհամարձակվեն մտածել», թե Փաշինյանը կարող է վերափոխել արտաքին քաղաքականությունը, որպեսզի Անկարայում իմանան, որ երկիրը թյուրքական աշխարհին ինտեգրելու գործընթացը կշարունակվի։ Ահա սա է «ինքնիշխանության» մեկնաբանությունն՝ ըստ Փաշինյանի։
Մտածե՛ք այդ մասին․․․»։