Логотип

Տիգրան Սարգսյան․ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից օգտվել է ավելի քան 4 հազար ՀՀ քաղաքացի

2025 թվականի փետրվարի դրությամբ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից օգտվել են ավելի քան 4 հազար աշխատանք փնտրողներ Հայաստանից և ավելի քան 1 հազար հայ գործատուներ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Սարգսյանը նաև հավելել է, որ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները զբաղեցրել են ավելի քան 500 թափուր աշխատատեղ:

Ընդհանուր առմամբ, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածում տեղադրված է ավելի քան 700 հազար թափուր աշխատատեղ, իսկ աշխատանք փնտրելու և թափուր աշխատատեղեր լրացնելու նոր գործիքների մասին արդեն տեղեկացել է Հայաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի:

ԵԱԶԲ փոխնախագահի խոսքով, ներկայում բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը բանակցություններ է վարում տեղեկատվական համակարգերի հայկական գործակալության հետ հայկական կողմին ֆինանսավորում տրամադրելու հարցերի շուրջ՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակի արդիականացման և նոր ծառայությունների ներդրման նպատակով, որոնցով հետաքրքրված են Հայաստանի պետական կառույցները:

«Մենք բանակցություններ ենք վարում այդ թեմայի շուրջ, և մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ խորհրդակցություն ունեցանք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանի հետ։ Նրա հետ քննարկել ենք ոչ միայն այդ նախագիծը և ֆինանսավորման հայտը, այլև միաժամանակ այլ՝ այսօր պահանջարկ ունեցող նախագծեր», – ընդգծել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգողը։

Ինչպես նշել է Սարգսյանը, ԵԱԶԲ-ն իր աջակցության կարիք ունեցող նախագծերի վերաբերյալ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի կառավարության հետ։