Միայն Ռուսաստանը տիրապետում ատոմակայանների ստեղծման ամբողջ տեխնոլոգիական շղթայի հնարավորություններին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտարարել է, որ ռուսաստանյան նախագծերով ատոմակայաններն աշխարհում ամենապահանջվածն են։
«Աշխարհն անցնում է սկզբունքորեն նոր տեխնոլոգիական կարգի, աճում է տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը։ Ռուսաստանն արդեն նման կենտրոններ է ստեղծում իր ԱԷԿ-ներում», – Մոսկվայի ВДНХ-ում անցկացվող «Համաշխարհային ատոմային համաժողովի» ժամանակ ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն օգնում է գործընկերներին ատոմային էներգետիկայի ոլորտում ունենալ թռիչքաձև զարգացում։ Ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի նախագահի, խաղաղ ատոմի պահանջարկի աճը կապահովեն գլոբալ հարավի և Արևելքի երկրները, որոնք ամրապնդում են իրենց տեխնոլոգիական և արդյունաբերական ներուժը:
Խոսելով ուրանի համաշխարհային ներուժի մասին՝ Պուտինն ասել է, որ այն կարող է ավարտվել արդեն 2060-ականներին, սակայն 2030 թվականին Ռուսաստանը կգործարկի աշխարհում առաջին՝ ամբողջական փակ ցիկլով ատոմային էներգահամակարգը։
«Ռուսաստանի գիտնականների այս հեղափոխական հայտնագործությունը թույլ կտա գրեթե ամբողջությամբ փակել ատոմային էներգիան ուրանով ապահովելու հարցը», – հավելել է նա:
Ռուսաստանը տարբեր երկրների գիտնականների հրավիրում է համագործակցության այն տեխնոլոգիաների բնագավառում, որոնք նոր դարաշրջան են բացում ատոմային էներգիայի ոլորտում:
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Sputnik Արմենիա