Логотип

«Եվրաեռյակի» երկրներում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան

«Եվրաեռյակի» երկրներում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի դեսպանները խորհրդակցությունների են կանչվել Թեհրան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում իրանական միջուկային հարցի վերաբերյալ բանաձևի մերժումից հետո պատժամիջոցների վերականգնման ֆոնին: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26–ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (2231 բանաձև): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։

««Եվրաեռյակի» ոչ իրավաչափ գործողությունների ֆոնին (որոնք չարաշահել են ԳՀՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չեղարկված բանաձևի վերականգնման նպատակով) Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվայի և Պեկինի առաջարկած փաստաթղթով նախատեսվում էր համապատասխան բանաձևի երկարացում վեց ամսով՝ միաժամանակ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բոլոր սկզբնական մասնակիցներից պահանջելով անհապաղ վերսկսել բանակցությունները՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ փաստաթուղթը «իրավիճակը շտկելու իրական հնարավորություն էր տալիս»։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի միջուկային գործարքով: Դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն սեպտեմբերի 19-ին մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչի պատճառով Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն:

Sputnik Արմենիա