Логотип

Արա Այվազյան․ ՌԴ-ն մնալու է կարևոր դերակատար, կամուրջներն այրելը միամտություն է

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է այրի կամուրջները Ռուսաստանի հետ հարաբերություններում, որը տեսանելի ապագայում մնալու է կարևոր դերակատար ռազմական և դիվանագիտական ներկայությամբ և տարածաշրջանային հավասարակշռությունների ձևավորման գործում։ Այս տեսակետը հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որի հոդվածը հրապարակվել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ անկում է ապրում։ Այդուհանդերձ, ռազմավարական առումով միամտություն է Ռուսաստանին անտեսել կամ անխոհեմորեն այրել կամուրջները»,– գրել է Այվազյանը։

Նա Հայաստանի իշխանություններին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են որակապես փոխել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Այվազյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրական ռազմավարական երկխոսության, ռազմարդյունաբերական հատուկ համագործակցության, փոխշահավետ հետախուզական գործունեության շարունակական համակարգման և Հայաստանի կողմից իր դաշինքներն ու գործընկերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության ճանաչման վրա։

Նախկին արտգործնախարարը համոզված է, որ այդպիսով Հայաստանը կկարողանա փոխշահավետ ռազմավարական երկխոսություն հաստատել ՌԴ-ի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Այվազյանը նշել է` ամեն ինչ հանձնելու այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ ռազմավարական զսպումը։

«Հայաստանի բևեռացված քաղաքական դաշտում տարածված ընկալում կա, թե ոչ իշխանական ուժերը «այլընտրանք չունեն» գործող իշխանությունների որդեգրած ներկայիս ուղուն։ Ակնարկը պարզ է` որքան էլ թերի լինեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը, Ադրբեջանին արվող միակողմանի և անհիմն զիջումները և Ռուսաստանից զգուշավոր հեռանալու փորձերը, կառավարության քայլերն այս պահին համարվում են իբրև թե միակ իրատեսական ուղին։ Մինչ աշխարհաքաղաքական փակուղում հայտնված Հայաստանի հնարավորությունները հետզհետե նեղանում են, իսկ արտաքին ճնշումը աճում, այս տեսակի քաղաքական ֆատալիզմը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր»,– ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով` «Այլընտրանքի» որոնումը չպետք է սահմանափակվի քաղաքական քայլերի կամ խորհրդանշական ժեստերի գծային տրամաբանությամբ և մանրամասն ցանկով։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե որոշումների տարբերվող փաթեթ, այլ հիմնովին նոր ռազմավարական վերաբերմունք՝ վերաիմաստավորելու, թե ինչ է նշանակում թշնամական և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում խաղաղության հաստատումը, անվտանգության ձեռքբերումն ու ինքնիշխանության ապահովումը։

Իրական ընտրությունը, ըստ Այվազյանի, հետևյալն է` խաղաղությունը հասանելի է միակողմանի զիջումների և պատմական ամնեզիայի միջոցո՞վ, թե՞ Հայաստանը պետք է փոխարենը որդեգրի ռազմավարական զսպման, երկարաժամկետ համբերատարության և ընդհանուր շահերի վրա հիմնված դաշինքների կառուցման քաղաքականություն։ Այս հարցի պատասխանը կորոշի՝ արդյոք Հայաստանը կգոյատևի որպես ինքնիշխան դերակատա՞ր, թե՞ կդառնա կառավարվող և անկում ապրող մի տարածք՝ արտաքին թելադրանքով ու ներքին պառակտմամբ։

Sputnik Արմենիա