Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է HSBC ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

HSBC Հայաստանն ունի իր հավատարիմ հաճախորդների լայն շրջանակը Հայաստանի ողջ տարածքում ու մասնագիտացած է առաջատար հայկական ընկերությունների և անհատ հաճախորդների սպասարկման մեջ։ Պատմականորեն կենտրոնացած լինելով կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վրա՝ բանկի վերջին տարիների աճը պայմանավորված է մանրածախ բանկինգի ու ակտիվների կառավարման ծառայությունների մատուցմամբ։

HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:

Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBCի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։

Բոլոր թույլտվությունները ստանալուն պես Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը: Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաև հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»:

Գործարքի ֆինանսական և իրավաբանական խորհրդատուներ Latif & Company (L&C)-ն հանդիսանում է Արդշինբանկի ֆինանսական խորհրդատուն, իսկ Latham & Watkins-ը՝ իրավախորհրդատուն:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։

Արդշինբանկն ունի ավելի քան 375.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 64 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (B+ (Positive)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: