Логотип

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԾԱՅՐԱՀԵՂ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱՑՈՒՄՆ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ դեգրադացիան՝ Պիկկատի պատասխանները զարմացնում են դեմագոգայնությամբ և անհամարժեքությամբ՝ մատնելով տեղի ունեցող ամենի վերաբերյալ նրա անտեղյակությունը։ Դրանում համոզվելու համար բավական է միայն «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը» արտահայտությունը։ Այսինքն անգին պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման, պղծման և յուրացման մասին գրեթե ամենօրյա հաղորդագրությունները նշանակում են, որ այդ ամենը տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վերահսկողության ներքո՞»:

Այն մասին, որ սույն տիկինն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, վկայում է նաև կոնկրետության իսպառ բացակայությունը նրա խոսքերում և հուսահատ ցանկությունը՝ կողմերի նկատմամբ պահպանելու նախևառաջ հանցավոր (այլ կերպ դա չես անվանի) հավասարություն։ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին»,- պնդում է նա՝ այդպիսով հավասարության նշան դնելով ագրեսոր ու վանդալ Ադրբեջանի և զոհի՝ Արցախի ժողովրդի ու նրա մշակութային ժառանգության միջև։

Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տխրահռչակ փորձագիտական առաքելության մասին, որն արդեն 4 տարի շարունակ ոչ մի կերպ տեղ չի հասնում, Պիկատն ընդունում է նաև իր կազմակերպության գործնական անտարբերությունը Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքերով՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը… Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով»։

Այսինքն ամբողջ 3 տարի՝ 2020 թվականի նոյեմբերից, երբ որոշվեց առաքելություն ուղարկել, և մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն միայն անվերջանալի «քննարկումներ» է անցկացրել՝ այդպես էլ չձեռնարկելով ոչ մի գործուն քայլ։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ իրականում հենց Ադրբեջանն է բացահայտ խոչընդոտել առաքելության այցին։ Իսկ հիմա, բացատրում է Պիկատը, քանի որ «իրավիճակը փոխվել է, այդ առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն»։

Այնուհետ պաշտոնյան անում է է՛լ ավելի, կարելի է ասել՝ անպարկեշտ հայտարարություն, որը բոլոր հիմքերը տալիս է կասկածի տակ առնելու այդ տիկնոջ համարժեքությունը. «Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց»:

ԱՋԱԿՑԵԼ՝ ԻՆՉԻ՞Ն, ՎԱՆԴԱԼԻԶՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈ՞ՒՆ: ՄԻԳՈՒՑԵ ՊԻԿԱՏԻ ԽՈՍՔԸ ՍԽԱ՞Լ ԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼ։ Ոչ, հարցազրույցի անգլերեն տարբերակը հաստատում է, որ նա ասել է հենց այդպես: « We are discussing now with the Azerbaijani authorities also how we can support them»։

Եվս մեկ անգամ. ՅՈՒՆԵՍԿՕի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարում է, որ կազմակերպությունը ոչ միայն շարունակում է «քննարկել» իրավիճակը՝ իրական քայլեր չձեռնարկելով վանդալիզմը կանխելու համար, այլև այդ քննարկումները վարում է նրանց հետ, ովքեր իրականացնում են այդ վանդալիզմը՝ բացահայտ, լկտիաբար և անպատիժ:

Ընդ որում, քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող է ՅՈՒՆԵՍԿՕն «աջակցել Ադրբեջանի իշխանություններին», որոնց հրամանով և անմիջական վերահսկողության տակ էլ կատարվում են հանցագործություններն ընդդեմ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության, այդ երկրի պետական քաղաքականությանը լիովին համապատասխան։

Օրինակ, վերջին ամիսներին ոչնչացվել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը։ Պե՞տք է արդյոք համարել, որ ՅՈՒՆԵՍԿՕն աջակցում է Ադրբեջանի իշխանություններին Արցախի մայրաքաղաքը նպատակաուղղված ավերելու հարցում։

Այնուհետ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Բաքուն թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕի դիտորդական խմբին ծանոթանալ և հսկողության տակ պահել հայկական մշակութային ժառանգությունը, Պիկատը լոկ կրկնում է, որ դա քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ: Արձանագրենք ևս մեկ փաստ. ՄԱԿի պրոֆիլային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան տեղյակ չէ, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, պաշտոնական Բաքուն ստիպեց ՅՈՒՆԵՍԿՕին հրաժարվել Արցախ այցելելու մտքից, քանի որ կազմակերպությունը չցանկացավ շարժվել իշխանությունների գծած երթուղով։

Եվ կրկին՝ ոչ մի բառ 4 տարվա ընթացքում ոչնչացված եզակի հուշարձանների, հայկական ժառանգության պղծման և յուրացման, Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարի միտումնավոր ռմբակոծման, այլ եկեղեցիների և հուշարձանների ոչնչացման մասին… Ոչ մի բառ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿի միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որի 5-րդ կետում ասվում է. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայկական մշակութային ժառանգության պղծման և վանդալիզմի ակտերը կանխելու և կասեցնելու համար, ներառյալ եկեղեցիների և պաշտամունքային այլ կառույցների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և գտածոների»։

Ասենք, Քրիստա Պիկատը, հավանաբար, նույնիսկ չի լսել այդ որոշման մասին

ԹԵՐԵՎՍ ՍԱ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍՕՐՎԱ ՅՈՒՆԵՍԿՕԻ ՄԱՍԻՆ: Արժե հավելել միայն, որ 2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կազմակերպության կոմիտեի անդամ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕի գործադիր խորհրդի անդամ մինչև 2025 թվականը։ Այն պետությունը, որը թիրախավորած ռմբակոծել է տաճարները, կիրառել արգելված զենք և բացահայտ ոչնչացրել ուրիշի պատմամշակութային ժառանգության անգին հուշարձանները, ընտրվում է ՄԱԿի կառույցի ղեկավար մարմինների անդամ

Թե ինչ աստիճանի է կոռումպացված այդ կազմակերպությունը, ասելն ավելորդ է։ Սակայն Պիկատի հարցազրույցն ապացուցում է ևս մեկ փաստ. ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելու համար: Բավական է նշել, որ հարցազրույցի ողջ տեքստում Հայաստանը ոչ մի անգամ չի հիշատակվում, թեև խոսքը համահայկական ժառանգության մասին է։ Արցախի հուշարձանների պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕում համարում են բացառապես Ադրբեջանի ներքին գործը, որի հետ Հայաստանը որևէ առնչություն չունի, և Երևանում լիովին համամին են դրան:

Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ կազմակերպության ներկայացուցիչն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրականում։ Եթե գոնե ինչոր աշխատանք տարվեր ՀՀ ԱԳՆի և ԿԳՄՍՆի կողմից, ապա Պիկատի հնարավոր ողջ վարձվածությամբ հանդերձ՝ նրա պատասխաններն ավելի շատ կհամապատասխանեին իրականությանը։

Սակայն հարցազրույցի վերջում տիկինը փաստացի հուշում է ՀՀ իշխանություններին, թե ինչպես կարելի է փորձել ազդել իրավիճակի վրա. «1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից»:

Միրզոյանն ու Անդրեասյանը չգիտե՞ն այդ մասին, թե՞ գիտեն, բայց լռում են։ Իսկ գուցե իրե՞նք էլ են «աջակցում Ադրբեջանի իշխանություններին»։