Логотип

ԳԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ. «ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՌԹԻՎ։ ՄԱՂԹՈՒՄ՝ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական իրադարձություն է անվանել Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակի ժամանումը Ադրբեջանի տարածքով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։ «Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված առաջին երկաթուղային շարժակազմը՝ Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։ Սա կարևոր և պատմական իրադարձություն է, ներկայումս սպասում ենք երկրորդ գնացքի ժամանմանը Ղազախստանից»,- հինգշաբթի օրը կառավարության նիստում նշել է Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ «ՊԱՏՄԱԿԱՆ» ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ տեղի է ունեցել Հայաստանից անկախ հանգամանքներով. մեկ անգամ հարևան երկրի նախագահն իր կամային որոշմամբ հանել է իր երկրի տարածքով բեռների տարանցման Հայաստանի համար նախատեսված սահմանափակումները։ Իհարկե, դրանից իրադարձությունը պակաս պատմական չդարձավ, պարզապես հերթական անգամ ընդգծվեց նույն այդ հարևան պետության ղեկավարի կամքը։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։

Վերջին օրերին այդ երթուղու բացման կապակցությամբ Հայաստանում հրճվալից արձագանքներ են հնչում, ինչպես ասում են, ամեն չոր գլխից։ Թվում է, թե քանի որ գործ ունենք նման ուրախալի և, ինչն առանձնահատուկ է ընդգծվում, պատմական իրադարձության հետ, շատ կարևոր են մանրամասներն ու նրբությունները։ Օրինակ, այնպիսի նրբություններ, ինչպիսիք են Ադրբեջանի տարածքով բեռների տարանցման գները։ Մինչդեռ, պարզվում է, Հայաստանի կառավարության ղեկավարը տեղյակ չէ իրադարձության այդօրինակ տեսանկյունների մասին։ Հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Փաշինյանը հայտարարեց, որ չգիտի, թե հայկական որ ընկերությունն է ցորեն ներկրում նոր երթուղով, որքան է վճարվում Ադրբեջանին տարանցման համար և առհասարակ վճարվում է արդյոք:

Առնվազն զարմանալի է, որ Փաշինյանն այդ ամենը չգիտի։ Նախ՝ այն պատճառով, որ Փաշինյանն ինքը համարում է այդ իրադարձությունը կարևոր ու պատմական, բայց դրա մասին ամբողջական տեղեկատվության չի տիրապետում։ Իսկ գուցե տարանցման համար այնպիսի գին է նշանակված, որ նման բեռնափոխադրումների նպատակահարմարությունն ընդհանրապես կասկածելի՞ է։

Երկրորդ, վերջերս Փաշինյանը մեկ այլ հարցի հետ կապված հայտարարեց. «Կառավարությունը ես եմ… չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում կան մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։ Ահա ուրեմն, առնվազն տարօրինակ է, որ կառավարության հետ իրեն նույնացնող մարդը չգիտի այն, ինչ կառավարությունը պարտավոր է իմանալ։

Ինչո՞ւ է պարտավոր: Իսկ այ սա արդեն հարցի երրորդ կողմն է։ Բանն այն է, որ խոսքն իրականում ոչ թե սովորական բեռնափոխադրման, այլ երկիր բերվող ռազմավարական նշանակության պարենի մասին է, մթերքի, որն ընկած է երկրի պարենային անվտանգության հիմքում։ Ուստի կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն հատկացներ այս ողջ պատմության նույնիսկ ամենաչնչին մանրամասներին։

Այս «պատմական իրադարձության» մեջ տվյալ պահին չափազանց շատ է անհասկանալին: Հատկապես մանրամասների առումով։ Մինչդեռ հայտնի բան է, որ մանրամասների մեջ է թաքնված սատանան: Այն մանրամասների, որոնք չիմանալով հանդերձ՝ Փաշինյանը գնահատականներ է տալիս։

Եվ էլի մի բան իրադարձությունների և մանրամասների մասին, որոնց մենք արդեն բախվել ենք տասնամյակներ առաջ: 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, համայն աշխարհն արձագանքեց Հայաստանի դժբախտությանը։ Դեռ ապրում և գործում էր Խորհրդային Միությունը։ Միութենական կառավարությունը հսկայական աշխատանք ծավալեց աղետի գոտում տուժածների փրկության և երկրաշարժի հետևանքների վերացման միջոցառումների համակարգման ուղղությամբ: Այդ աշխատանքին մասնակցում էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները։ Ինքնաթիռներով, գնացքներով երկիր էին ուղարկվում բեռներ՝ դեղորայք, սնունդ, հագուստ, շինանյութեր, տեխնիկա։ Իր կողմից ջանաց նաև Ադրբեջանը։

Եվ ահա ժամանեցին մեծագույն ողբերգություն վերապրած Հայաստանին օգնելու համար ռուսական քաղաքներից եկած շարժակազմերը, որոնք անցել էին Ադրբեջանի տարածքով։ Վագոնների վրա մակագրված էր. «Շնորհավորում ենք երկրաշարժի առթիվ։ Մաղթում՝ կրկնություն», իսկ վագոններում թրջած ցեմենտ էր։ Սրանք տուժած Հայաստանին Ադրբեջանի ցուցաբերած «օգնության» մանրամասներն էին։

Այդպես սկսվեց Հայաստանի հաղորդակցության ուղիների շրջափակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։