Հայաստանում սպառողական գները շարունակում են սրընթաց աճել։ Աճի չափն ինքնին կարող է թվալ ոչ այնքան էական։ Սակայն տպավորիչ է մեկ այլ բան. թանկացման գործընթացի համապարփակությունը, որն ընդգրկել է գործնականում ամեն ինչ։
ԱՍԵՆՔ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՎՐԱ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գներն աճել են 3.7%-ով: Ընդ որում, տարեսկզբից թիվն աճել է ամսեամիս։ Այսպես, եթե հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, սպառողական գներն աճել են 1,7%-ով, ապա փետրվարին տարեկան աճը կազմել է 2,5%, մարտին՝ 3,3% և այլն։ Այլ կերպ ասած, խոսքը միտման մասին է։ Ուղիղն ասենք, միջին վիճակագրական սպառողի համար բացասական և մտահոգիչ միտում։ Եվ նման դինամիկայի փոփոխության նշաններ չկան, հիմքեր չկան ենթադրելու, թե գների աճը կարող է կանգ առնել։
Այժմ՝ գործընթացի համապարփակության մասին։ Ինչպես տարվա նախորդ ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին բարձրացել են ապրանքների և ծառայությունների գերակշիռ մասի գները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 426 անուն ապրանքների և ծառայությունների գները։ Դրանցից միայն 144 անուններում աճ չի արձանագրվել։ Այսինքն բոլոր ապրանքների և ծառայությունների միայն մեկ երրորդը չի թանկացել։ Բացի այդ, տվյալ քանակից միայն 51-րդ հորիզոնականում է գների նվազում արձանագրվել, մնացած բոլորի պարագայում փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Էժանացած ապրանքների և ծառայությունների առավելագույն քանակը բաժին է ընկնում կենցաղային իրերին, կահույքին, կենցաղային տեխնիկային։ Կարևոր է նշել, որ խոսքը վերաբերում է գների չնչին իջեցմանը՝ մեկ-երկու կամ տասը տոկոսով։ Իսկ ամենից էականը հեղուկ գազի գնի նվազումն է, որը հոկտեմբերին էժանացել է 15%-ով։ Այստեղ նշենք, որ երկարաժամկետ հեռանկարում հեղուկ գազը, ամենայն հավանականությամբ, էժանանալու է։ Ամեն դեպքում չի թանկանա երկրի տրանսպորտային պարկի էլեկտրաֆիկացման ակտիվացման խորապատկերին։
Ինչ վերաբերում է գների աճին, ապա գործնականում ամեն ինչ թանկացել է սննդամթերքի մասով։ Պարենային բոլոր ապրանքներից մի փոքր նվազել է միայն բրնձի, կարտոֆիլի, մրգերի, ձեթի և նախաճաշի շիլաների գինը։ Կարագ, միս, ձուկ, բանջարեղեն, հաց. բոլոր այս մթերքները հոկտեմբերին թանկացել են։
Իշխանության ներկայացուցիչների կողմից լրատվական դաշտ նետված այն թեզը, թե 2018-ից հետո ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի լավ ապրել, հերքվում է ամիս առ ամիս։ Սպառողական գների, հիմնական ապրանքների գների աճի բարձր տեմպերի խորապատկերին քաղաքացիների սոցիալական վիճակը սրընթաց վատանում է։ Իհարկե, ոմանց կյանքը նույնքան սրընթաց բարելավվում է, սակայն երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության, նրանց համար, ում եկամուտները բացարձակապես չեն աճում, կյանքը գնալով թանկանում է։ Իսկ ինչպես հայտնի է, միշտ չէ, որ ավելի թանկ, նշանակում է՝ ավելի լավը…
