Բաքուն և Անկարան՝ Հայաստանի ապագա կուրատորները
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանի վերջին, մանրակրկիտ մշակված հայտարարությունները Սահմանադրության փոփոխության, «անկլավների» թեմայով քննարկումների և նոր պաշտպանական դոկտրինի մասին, որի շրջանակներում Հայաստանը պետք է ունենա բացառապես «պաշտպանության բանակ» (այս ամենը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին), վաղուց արդեն դադարել են լինել ներքաղաքական օրակարգի մաս։
Փորձագետների կարծիքով, այս նախաձեռնությունները միանշանակ նախընտրական ուղերձ են ուղղված Փաշինյանի արտաքին և գլխավոր «ընտրողներին»՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Ամբողջ երկիրը, ներառյալ նրա հիմնարար սկզբունքները, դրված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ միակ «լոտը» գործող թիմի իշխանության պահպանումն է։
Փաշինյանի կողմից ներկայացվող նոր «քաղաքական առաջարկների փաթեթի» կենտրոնական տարրը դարձել է նոր Սահմանադրության և դրան հաջորդող հանրաքվեի անհրաժեշտության մասին հայտարարությունը։ ՔՊ-ի առաջնորդը դա կապել է «Չորրորդ Հանրապետության»՝ «Իրական Հայաստանի» հայեցակարգին անցնելու հետ, որը պետք է հրաժարվի «Հայրենիքի երազանքից» (այսինքն՝ պատմական նարատիվից, որը հարևանների մոտ առարկություններ է առաջացնում, որոնք, ի սկզբանե, հայերին համարում են տարածաշրջանի կոնֆլիկտածին և օտար տարր)։
2025 թվականի նոյեմբերի 22-ին Փաշինյանի այն հայտարարությունը, թե նոր Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ամենաուղիղ ապացույցն է. Փաշինյանը Բաքվին և Անկարային խոստանում է, որ առանցքային հիմնարար զիջումներըը կիրականացվի միայն այն դեպքում, եթե նրանք ապահովեն իր իշխանության վերարտադրությունը «խաղաղության պայմանագրի» ստորագրման միջոցով, որը, ՔՊ առաջնորդի ընկալմամբ, պետք է դառնա «երկաթբետոնե» հիմք իշխանությունը պահպանելու իր ցանկության լեգիտիմացման համար։
Միաժամանակ արդիականացվում է անկլավների հարցը։ Օրակարգում վաղուց կանգնած է Տիգրանաշենի և Տավուշի մարզի մի շարք գյուղերի շուրջ քննարկումը։ Բառացիորեն նոյեմբերի 12-ին Փաշինյանը հայտարարել է, որ տարածքների փոխանակումը (Արծվաշենը Տիգրանաշենի դիմաց՝ «անկլավների հարցի լուծման» շրջանակներում) անհնար է առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշման հաշվառման, նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չէ։ Այս ձևակերպումը ազդանշան է տարածքային զիջումների պատրաստակամության մասին։
Նույն տրամաբանությունը նկատելի է նաև տնտեսական նախագծերում։ TRIPP-ը, կամ «Խաղաղության Խաչմերուկը», կամ, եթե ցանկանում եք, «Զանգեզուրի միջանցքը», որը կարող է գործել Բաքվի՝ կոմունիկացիայի հատուկ կարգավիճակի վերաբերյալ սպասումներին և պահանջներին համապատասխան, ցույց են տալիս Փաշինյանի ձգտումը՝ ցուցադրելու, որ Հայաստանով անցնող տարանցիկ ուղիների՝ Բաքվին և Անկարային անհրաժեշտ ձևաչափով երաշխավորն անձամբ ինքն է։
Այսպես կոչված «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ» ուղարկելը Բաքու «փափուկ» դիվանագիտության մեխանիզմ է, որը կոչված է ցույց տալու՝ նույնիսկ «ժողովուրդը» պատրաստ է ուղիղ կապերի և զիջումների՝ շրջանցելով ավանդական ինստիտուտները և առանց պատշաճ թափանցիկության։ Նման բարձր խաղադրույքների պայմաններում («խաղարկվում է» Փաշինյանի անձնական ապագան) բացառված չէ նույնիսկ նրա անձնական հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի» ներկայացուցիչների հետ, որը կդառնա արտաքին պահանջների ճանաչման հերթական խորհրդանշական ակտը։
Այս քաղաքական մարաթոնի վերջնական նպատակն ակնհայտ է՝ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի հետ ստորագրված «խաղաղության պայմանագիրը»։ Նիկոլ Փաշինյանի համար այդ փաստաթուղթն, իր կարծիքով, միակ ակտիվն է, որը կարող է ապահովել ընտրական հաղթանակը։ Նա հիմնավորում է իր անհրաժեշտությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար, որպեսզի նրանք հենց հիմա իրեն տան այն, ինչը կօգնի վերարտադրվել։ ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ արտաքին ճնշման ներքո պատրաստ են երկիրը տանել հիմնարար զիջումների՝ փաստացի պետությունը դնելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական աճուրդի։
Փաշինյանն արդեն խոսել է այն մասին, թե իբր, եթե ՔՊ-ն չհաղթի 2026 թվականի ընտրություններում, Հայաստանը «կրկին կդառնա ֆորպոստ»։ Իրականում, եթե գործող իշխանությունը պահպանի վերահսկողությունը 2026 թվականից հետո, նոր «Չորրորդ Հանրապետությունը» կկառուցվի այնպիսի կաղապարներով, որոնք առավելագույնս կբավարարեն Անկարայի և Բաքվի շահերը։ Հայաստանը դառնալու է պետական մի կազմավորում, որը զրկված է լինելու ազգային նարատիվներից և պատմական գաղափարները պաշտպանելու մեխանիզմներից, որում տեղ չի լինի այն քաղաքական և փորձագիտական շրջանակների համար, որոնք կողմ են ինքնիշխան, այլ ոչ թե վասալային քաղաքականությանը։
Փաշինյանի թեզերը ոչ միայն քաղաքական ծրագիր են, այլև համապարփակ առաջարկ Թուրքիային և Ադրբեջանին, որտեղ իշխանության պահպանման գինը պետության խորը վերափոխումն է և սուվերենությունից լիակատար հրաժարումը՝ հօգուտ տարածաշրջանային գործընկերների։ Սա քաղաքական գործիչներից, բիզնես էլիտայից և փորձագետներից պահանջում է ռիսկերի ճիշտ գնահատում և ըմբռնում, որ Փաշինյանը Բաքվին և Անկարային խոստանում է կառուցել մի այնպիսի երկիր, որում մինչև դրա փլուզումը շատերի համար տեղ չի լինի։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
