Логотип

Դեսպան․ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն

ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, հայտնում է թուրքական Anadolu պետական գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում: Թուրքական աղբյուրներն ավելի վաղ հայտարարել էին, որ թուրք-հայկական սահմանի բացումն ուղղակիորեն կախված է Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացի ընթացքից, կոնկրետ ժամկետների մասին խոսք չկա:

«Հիշեցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության մասին՝ Թոմ Բարաքը նշել է, որ սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում», – գրում է գործակալությունը:

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։

2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:

Sputnik Արմենիա