Логотип

Ռուս դիվանագետ․ Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին շրջանցող նախագծերը ձեռնտու չեն

Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերը, որոնք ստեղծվում են` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, ակնհայտորեն ձեռնտու չեն, և դրանց նպատակը տարածաշրջանի երկրների փոխգործակցությանը վնասելն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայը «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ընթացքում։

«Տարածաշրջանում շատ ակտիվ քննարկվում է տրանսպորտային միջանցքների կառուցումը, և այստեղ ամեն ինչ որոշվում է լոգիստիկայի շահութաբերությամբ, դրա ինքնարժեքով։ Արևմտյան գործընկերների կողմից առաջ քաշվող երթուղիները ենթադրում են Ռուսաստանի և Իրանի տարածքների շրջանցում, հետևաբար այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքականություն կա, քան տնտեսություն։ Մյուս կողմից` վերջերս Ղազախստանից Հայաստան բեռների առաքումը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են կարգավորել իրենց երթուղիները քաղաքական կամքի առկայության դեպքում»,– ընդգծել է դիվանագետը:

Խոսելով 3+3 պլատֆորմի մասին՝ Լիցկայը հայտարարել է, որ այն չի փակում արտաքին ուժերի հետ փոխգործակցությունը, եթե նրանք տարածաշրջան են գալիս կառուցողական գաղափարներով։ Նրա խոսքով` նման ձևաչափով առաջին հանդիպումը Մոսկվայում ցույց տվեց դրա արդիականությունը։

Ըստ Լիցկայի` ռուսական կողմը ներկայացրել է ճանապարհային քարտեզը, որը ենթադրում էր փոխգործակցության զարգացում տնտեսության տարբեր ճյուղերում (տրանսպորտ, էներգետիկա և այլն)՝ առանց հարաբերությունների կարգավորման քաղաքական բարդ հարցերի քննարկման: Ենթադրվում էր, որ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումները դրա համար լրացուցիչ հնարավորություններ կտային։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ–ն ակնկալում է անցում նոր հանդիպումների: Լիցկայը նշել է, որ հաջորդ հանդիպումը պետք է կայանա Երևանում կամ Բաքվում, և ռուսական կողմը անցկացման վայրը թողնում է գործընկերների հայեցողությանը:

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ՌԴ) Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Եվգենիա Գորյուշինան իր հերթին հայտարարել է, որ ռուսական կողմի համար կարևոր է, որպեսզի տրանսպորտային երթուղիները հակասության մեջ չմտնեն ԵԱՏՄ սկզբունքների հետ: Նրա խոսքով` Ռուսաստանը ձգտում է չարգելափակել նախագիծը, քննարկել դրա ներառումը միության շրջանակում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում այս ձևաչափի աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ պաշտոնական Թբիլիսիի համար դռները բաց են մնում։ Նախորդ երեք հանդիպումներն անցել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է` Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան հաջորդ նիստի կազմակերպման հարցում:

Sputnik Արմենիա