Логотип

Մայր աթոռ․ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է պաշտոնից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Նշենք, որ Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը:

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։

Sputnik Արմենիա