Логотип

Առցանց «վճարվող առաջադրանքները» ռիսկեր են պարունակում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Վերջին շրջանում տարածվում են տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում է լուրջ ռիսկեր, այդ թվում՝ պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում, ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում, անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները, և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։

ՆԳՆ-ն խորհուրդ է տալիս չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած, չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք:

Ոստիկանությունը կոչ է անում զգոն և պատասխանատու լինել սեփական անձի և պետության անվտանգության նկատմամբ:

Sputnik Արմենիա