Логотип

Սահմանադրագետ․ Անընդունելի է, որ Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, ԱՄՆ-ի հետ քննարկում է TRIPP երթուղու ճակատագիրը

Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ այսօր Բաքվում քննարկել է «Թրամփի ուղի» նախագծի իրագործմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին, այդ թվում՝ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի») նախագծին, նշում են լրատվամիջոցները:

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ անընդունելի է, որ Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, ԱՄՆ-ի հետ քննարկում է TRIPP երթուղու ճակատագիրը, որն ամբողջությամբ անցնում է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքով (Սյունիքի մարզով)։ Ըստ փորձագետի՝ սա ուղղակի հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ ՀՀ տարածքով անցնող ցանկացած ճանապարհի հարց կարող է քննարկվել և համաձայնեցվել միայն Հայաստանի մասնակցությամբ, մինչդեռ կառավարությունը պնդում էր, թե սա բացառապես հայ-ամերիկյան օրակարգի հարց է։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Armenia Today