«Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե քաղաքացիները համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն»,- փետրվարին Փաշինյանը հերթական անգամ կրկնեց ծրագրային այս թեզը։ Բաքվում և Անկարայում նրան լսեցին։ 1988թ. փետրվարի 18-19-ին արևմտյան հեռագրական գործակալությունները հաղորդեցին Երևանում ընթացող ցույցերի մասին, իսկ շարժման բուն մասնակիցները փողոցային ցույցերի մեկնակետն են համարում մարշալ Բաղրամյանի ծննդավայրում՝ Չարդախլի հայկական գյուղում տեղի ունեցած իրադարձությունները: Իրականում Ղարաբաղյան շարժումը սկսվել է դեռևս 14-րդ դարում…
Արցախի ուրացումը 5 հազար հայրենակիցների արյունն իր ձեռքերից մաքրելու փորձ է։ Փաշինյանը Բաքվի և Անկարայի թելադրանքով համաձայնել է հանել Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական զինանշանից, ինչպես նաև հրաժարվել է նոր Սահմանադրության նախաբանում Հայաստանի անկախության հռչակագրին արվող հղումից։ Ընդ որում նա փորձում է համոզել ժողովրդին, թե այդ որոշումներն ընդունել է ինքնուրույն։
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՂԻՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՅՆ ԲԱՆԻ ՄԻՋԵՎ, թե ինչպես Փաշինյանը քանդեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, և թե ինչպես է քանդում Սուրբ Էջմիածինը՝ ուրանալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, որն ամրագրված է գործող Հիմնական օրենքի 18-րդ հոդվածում։ Երկու դեպքում էլ խամաճիկային ռեժիմի պարագլուխը գործել և գործում է ներքին դավաճանների աջակցությամբ՝ զինված ուժերում և արքեպիսկոպոսների միջավայրում։ Ուրացման քաղաքականությունը ազգային ինքնությունից հրաժարման ուղիղ ճանապարհ է՝ հօգուտ թուրքացման:
Անհնար է ուրանալ ճշմարտությունը. Ալիևը ռազմական հանցագործ է և այդպիսին էլ կմնա, նույնիսկ եթե նրան 10 մրցանակ հանձնեն ժողովուրդների միջև խաղաղության ու եղբայրության համար: Ադրբեջանն այսօր էլ իրավական հիմքեր չունի իր պետական իշխանությունը Արցախի վրա տարածելու համար: Իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք միջազգային իրավական հիմունք չի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ. ընդհուպ մինչև 14-րդ դարում հայկական պետության կործանումը Արցախը Հայաստանի մարզերից մեկն էր: Հաջորդ դարերում Արցախը կիսաինքնավար շրջան էր Պարսկաստանի, իսկ այնուհետ՝ ռուսական կայսրության տիրապետության տակ։ Ընդ որում բոլորը այն ճանաչում էին որպես էթնիկ հայկական տարածք՝ Արաքս գետից և Կուրի ողջ աջ ափով մինչև Վրաստանի հարավային սահմաններ։
Ղարաբաղը ռուսական կայսրության կազմի մեջ է մտավ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում (Գյուլիստանի պայմանագրով)։ Հետագայում հայկական մյուս հողերի հետ Ղարաբաղը անվանվեց Ելիզավետպոլի նահանգ։ 1828 թվականին Երևանն ու Նախիջևանը Ռուսական կայսրության կազմի մեջ մտան առանձին հայկական տարածաշրջանի կարգավիճակով, որը հետագայում վերափոխվեց Երևանի նահանգի։ 1867 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ Անդրկովկասը բաժանվեց 5 գուբեռնիաների՝ Քութայիսիի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի։ Արևելյան Հայաստանի մի մասը ներառվեց Երևանի նահանգում, մյուս մասը՝ Ղարաբաղով հանդերձ, Ելիզավետպոլի։
1918թ. Անդրկովկասը դուրս մնաց Ռուսաստանի պետաիրավական ոլորտից։ Տարածաշրջանում ձևավորվեցին անկախ պետություններ. Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Վրաստանի Հանրապետությունը։ 1918թ. հուլիսի 22-ին Ղարաբաղի ժողովրդական ներկայացուցիչների Առաջին համագումարը հռչակեց Ղարաբաղն ինքնուրույն քաղաքական-վարչական միավոր՝ ձևավորելով Ղարաբաղի Ազգային խորհուրդը և Ղարաբաղի Ժողովրդական կառավարությունը, դնելով ազգային բանակի հիմքերը Ադրբեջանի նկրտումներին դիմակայելու համար:
1918թ. սեպտեմբերի 6-ին Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների Երկրորդ համագումարը մերժեց Ադրբեջանի կազմի մեջ մտնելու Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հրամանատարության պահանջը:
1918թ. սեպտեմբերի 20-ին Երրորդ համագումարը հրաժարվեց կատարել զենքը հանձնելու և Ադրբեջանի կազմի մեջ մտնելու թուրքական հրամանատարության պահանջները:
1919թ. փետրվարի 19-ին Չորրորդ համագումարը մերժեց Ադրբեջանի իշխանության ճանաչման մասին Ադրբեջանի կառավարության վերջնագիրը:
1919 թվականի ապրիլի 23-ին Հինգերորդ համագումարը կտրուկ մերժումով պատասխանեց նույն պահանջով անգլիական զորքերի հրամանատարության ներկայացուցչի վերջնագրին։ Արցախի համար 14-րդ դարում հայերի սկսած պայքարը շարունակվում էր…
1921թ. Խորհրդային Ադրբեջանը, ինչպես հայտնի է, հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային նկրտումներից՝ հօգուտ Հայկական ԽՍՀ-ի (Ադրբեջանական ԽՍՀ Հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 1-ի դեկրետը)։ 1921 թ. հունիսի 12-ին Հայկական ԽՍՀ-ը Ժողկոմխորհի դեկրետով հռչակեց Լեռնային Ղարաբաղն իր տարածքի անբաժանելի մաս։ Դա միջազգային համաձայնագիր էր 2 պետությունների իրավասու մարմինների միջև։ Ադրբեջանի նախաձեռնած տարածքային վեճը սպառված էր։ Ավելի ուշ, սակայն, ՌԿԿ(բ)Կ Կենտկոմի Կավբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին։ Դա բռնի վարչական ենթակայություն էր, որը վճռեց Արցախի հայ բնակչության ճակատագիրը 70 տարով։ Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել այդ որոշման հետ…
1988Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման»: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու Երևանի Թատերական հրապարակում ընթացող հանրահավաքների մասին լուրերը տարածվեցին հայկական ողջ Սփյուռքում: Երևանում հանրահավաքի ամբիոնից ելույթ ունեցավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, հարթակում նրա կողքին էին ԳԽ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, հրապարակախոս Զորի Բալայանը:
Ղարաբաղյան շարժումն անցավ մի քանի փուլ. «Լենին, կուսակցություն, Գորբաչով» կարգախոսից մինչև «Կոլցո» գործողություն (1991թ. ապրիլ-օգոստոս), Հայոց համազգային շարժման կողմից այն նենգափոխելու փորձից մինչև ՀՀՇ շարժման փոխարկում կուսակցության։ Ղարաբաղյան շարժումն անքակտելիորեն կապված է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության հետ, որը նույնպես, հիշեցնեմ, Փաշինյանն ուրացավ՝ հռչակելով Չորրորդ հանրապետության ստեղծման ուղեգիծ, որի Սահմանադրության մեջ, կրկնեմ, հղում չի լինելու Հայաստանի անկախության հռչակագրին։
Ազգային շահերի ուրացումը Փաշինյանի վարած քաղաքականության հիմքն է։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նա ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ 2023-ին ուրացավ Արցախը՝ Հայաստանը չվտանգելու պատրվակով, հետո ուրացավ Տավուշի ամենահզոր ամրաշրջանը՝ սահմանազատման ցուցանակի տակ ադրբեջանցիներին հանձնելով 4 գյուղ, թեև այդ պահին դեռ չկար սահմանազատման հաստատված կանոնակարգ…
Ղարաբաղյան շարժումը չի ավարտվել Փաշինյանի հրաժարականով, այն գոյություն է ունեցել նրանից առաջ, գոյություն ունի այսօր։ Այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովրդի արդար պահանջները չեն կատարվել, ինչպես դա տեղի ունեցավ անցած դարում Առաջին ազատամարտի արդյունքում։ Պատմությունը չավարտվեց 2023թ. սեպտեմբերի 19-ին, թեև 5 հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախի հայկական հողի վրա հայ չմնաց: Արցախի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանությունը, ներառյալ նրա բռնի տեղահանումը, թուրք-ադրբեջանական տանդեմի և Փաշինյանի խամաճիկային ռեժիմի համատեղ քաղաքականության արդյունքն է, որը շարունակում է սպասարկել ցեղասպան պետությունների շահերը: Փաշինյանը հրաժարվեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում 1915թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղեգծից, փորձում է մոռացության մատնել 2023թ. Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ցեղասպանությունը:
Պատմությունը շարունակվում է, ինչպես որ շարունակվում է Ղարաբաղյան շարժումը։ Հակառակ թուրք-ադրբեջանական պահանջների ճնշմանը, հակառակ խորհրդային իշխանության որոշումներին, հակառակ պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակախոսությանը։ Այն շարունակվում է 21-րդ դարում՝ հակառակ Փաշինյանի խամաճիկային ռեժիմի դավաճան քաղաքականությանը։ Այդ շարժումից հրաժարումն ուղիղ ճանապարհ է դեպի ստրկություն: Չի լինի ոչ մի Չորրորդ հանրապետություն, կլինի միայն ցուցանակ թուրքական վիլայեթի տարածքի մուտքին՝ հայ բնակչության մնացորդներով։ Պատմությունը վրեժ է լուծում ճշմարտությունն ուրանալու համար, իսկ ճշմարտությունը բոլոր դարերում մեկն է, այն ծայրաստիճան ճշգրիտ ձևակերպել է դաշտային հրամանատար լուսահոգի Լեոնիդ Ազգալդյանը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Նրան է պատկանում նաև շատ ավելի հազվադեպ մեջբերվող այն թեզը, որ Թուրքիան միշտ չէ կանգնած լինելու Ադրբեջանի թիկունքին…
