Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշեց 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով, երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։
Մեղադրող կողմը շեշտեց, որ նշված խափանման միջոցի իրավաչափության պայմանների հիմքը նվազել է, բայց ռիսկը դեռևս շարունակում է առկա լինել։
«Գտնում ենք, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը պետք է շարունակվի։ Միջնորդում եմ այդ ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։ Իրավաչափության պայմանների հիմքը նվազել է, դրա փոփոխման վերաբերյալ փաստեր առկա չեն»,- ասաց դատախազը։
Պաշտպան Արամ Վարդևանյանն իր ելույթում շեշտեց, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը պետք է համատեղելի լինի իր կարգավիճակի հետ։ Վստահեցրեց՝ իր պաշտպանյալը և՛ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, և՛ իր տանը խափանման միջոցը կրելու ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորում։
«Նա այս ընթացքում 4 անգամ լքել է տնային կալանքի կրման վայրը, իր կողմից երաշխավորված ժամկետները պահպանելով, գնացել է բուժհաստատություն ու վերադարձել տուն։ Տնից դուրս գալիս Պրոբացիայի ծառայությանը զգուշացրել է, վերադառնալիս էլ՝ կրկին զգուշացրել է։ Եթե նա ցանկանար ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել՝ ի՞նչն էր նրան խանգարելու այդ ընթացքում։ Վստահեցնում եմ՝ Սարգսյանը համապատասխան իրավագիտակցություն ունի»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավի պահպանումը որպես խափանման միջոց առավել քան բավարար է։ Շեշտեց՝ իրենք համաձայն են նաև համակցված խափանման միջոցների կիրառմանը, եթե դրանք լինեն բացակայելու արգելքն ու վարչական հսկողությունը։
Պատգամավորն էլ ընդգծեց, որ մեղադրանքը չի ընդունում ու վստահ է՝ սա իր քաղաքական գործունեությունը կասեցնելու համար է։
«Մեղադրանքը բացառապես քաղաքական հետապնդում է։ Նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելը։ Այս դատարանում որոշումը ոչ թե օրենքի տառով է կայացվում, այլ քաղաքական վերնախավի ինչ-որ կաբինետներում։ Ես պատրաստ եմ իմ անմեղությունն ապացուցել, բայց դրա համար արդարություն պետք է լինի։ Այս 8 ամսում համոզվել ենք՝ այս դատարանում արդարություն չկա։ Ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ ու ներկայացնում եմ մի մարզ, որը երբեք չի լռել ու չի հանձնվել»,- ասաց Սարգսյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի ընդգծեց՝ վերջինի միակ մեղքն այն է, որ հայրենիք ունի՝ հակառակ այն անձանց, որոնք անսեռ, անդիմագիծ, անհայրենիք են։
Սրբազանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս գործում փաստական տվյալները բացակայում են ու գործն էլ ամբողջությամբ ուղղորդված է։
«Դուք (դիմում է դատավորին – խմբ․) 2 րոպեանոց որոշումներ եք կայացնում ու կարդում, մարդկանց կյանք է որոշվում։ Աջափնյակում, Սևանում, մեկ այլ տեղ սպանություններ են լինում ու կասկածյլաները կա՛մ կալանքի տակ են, կա՛մ ոչ, բայց նրանք հավասա՞ր են Արթուր Սարգսյանի, Կարո Օկումուշյանի կամ այստեղ գտնվող մեկ այլ անձի հետ»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը մնում է անփոփոխ։ Դատավորը վստահ է՝ առկա ռիսկերը չեն նվազել այն աստիճանի, որ հնարավոր լինի խափանման միջոցը փոխել։
«Տնային կալանքի, բացակայելու արգելքի և գրավի կիրառման պայմաններում է, որ հնարավոր է եղել ապահովել մեղադրյալի պատշաճ և օրինական վարքագիծը։ Տնային կալանքը կերկարաձգվի 3 ամսով, բոլոր սահմանափակումներն էլ կմնան անփոփոխ՝ այլ անձանց չհյուրընկալել, բացառությամբ մերձավոր ազգականների, պաշտպաններ»,- ասաց Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
