Логотип

Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով:

Դատախազի բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա հունվարի 19-ի որոշման դեմ, ըստ որի Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով: Դատախազությունը պահանջում է վերացնել այդ խափանման միջոցը և ընտրել կալանքը:

«Դատախազությունը գործերի 90 տոկոսով բողոքներ է ներկայացնում, երբ իրենց սրտով չի լինում: Որպես կանոն՝ վարույթ չեն ընդունում: Չեմ կարծում, որ այս բողոքն էլ վարույթ կընդունեն, քանի որ դեռ քննության փուլում է»,- «Ա1+»- ին հայտնեց Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Առաջին ատյանի դատավճռի դեմ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը: Պաշտպանական կողմը պահանջում է առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել, կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային ընդդատության ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ սահմանելով նոր քննության ծավալները:

Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում։

News.am